Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին ոչնչացնելով հարցը չի լուծվում. Պ. Մակեյան (տեսանյութ)

Քաղաքականություն
petros-makeyan

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը դատապարտում է իրավապահ համակարգի ոչ մարդկային՝ պինոչետական գործելակերպը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ավելացնելով. «Ավտոմատավոր ոստիկանները ահաբեկում են մարդկանց: Ոստիկանական զորքեր պահելն անիմաստ է՝ դրանք պետք է ուղարկել բանակ»: Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների համար հիմնական թշնամին ոչ միայն Ադրբեջանն է, այլեւ հասարակությունը՝ իրենց իշխանությունը պահելու համար: Պարոն Մակեյանի խոսքերով՝ այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ալեք Ենիգոմշյանի, Արմեն Միքայելյանի եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ձերբակալություններն իրեն հիշեցնում են 1937թ.: «Ստալինը ասում էր՝ կարեւորը մարդ լինի, գործ սարքվի»,- հիշեցրեց Պետրոս Մակեյանը: Նրա խոսքերով՝ իշխանությունները այս պահին չեն արձագանքում «Սասնա ծռեր»-ի պահանջներին, որովհետեւ Սերժ Սարգսյանը փորձում է այս իրավիճակում շահեկան ինչ-որ բան ստանալ եւ հողերի հանձնելու գործընթացը հետաձգել: «Լուծումը պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե ուժային: Եթե մարդիկ գնում են պատերազմ, նրանք գիտակցում են, որ կամ պետք է մահանան, կամ հետ գան, իսկ «Սասնա ծռեր»-ի անդամները հստակ գիտեն՝ կամ մահ է, կամ բանտ»,- ասաց Պետրոս Մակեյանը: Նա իշխանություններին հիշեցնում է, որ «Սասնա ծռեր»-ին ոչնչացնելով կամ կալանավայր ուղարկելով՝ հարցը չի լուծվում. այլ խմբեր եւս կլինեն, որոնք կրկին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն: Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի կողմից բուժաշխատողներին պատանդ պահելուն՝ նա նշեց, որ տղաներին ընդամենը շուրջօրյա բուժօգնություն է հարկավոր. «Եթե Օսիպյանին բաց թողեցին, երբ նա նրանց կյանքն ուտում էր ու արժանապատվությանն էր կպնում ակցիաների ժամանակ, ապա բուժաշխատողները այս պարագայում պատանդ չեն»: Անդրադառնալով նաեւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ բանակցություններին միջնորդ լինելու հանգամանքին՝ պարոն Մակեյանը նշեց, որ այն տղաները, որոնք հերոս են մարտի դաշտում, քաղաքական դաշտում չեն կարողանում իրենց ողնաշարը պահել: Նրա խոսքերով՝ որեւէ մեկը միջնորդ չպետք է լինի եւ հիմնական բանակցողներ պետք է լինեն բարձրագույն իշխանությունն ու Ժիրայր Սեֆիլյանը, թեեւ «Սասնա ծռեր»-ի տղաները գործել են Ժիրայր Սեֆիլյանից անկախ»: Ինչո՞ւ այսօր Պետրոս Մակեյանը հարթակում չէ «Ա1+»-ի հարցին ի պատասխան նա նշեց, որ հարթակը ձեւավորվում  շահերի ուղղորդմամբ. «Ես նախընտրում եմ պայքարի այն դաշտը, որտեղ կանգնած է ժողովուրդը»: