Ձերբակալվել է ապստամբներից մեկի քույրը
Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով երեկ ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստ Անի Նավասարդյանը: Գործում այսօր ներգրավված պաշտպան Ստեփան Ոսկանյանն «Ա1+»-ին հայտնեց, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքները եւ պատմել՝ ինչպես է վնասվածքներ ստացել: Անիի ձերբակալման ժամկետը լրանում է երկու օրից: Նախաքննական մարմինը կամ այդ ընթացքում պետք է դիմի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, կամ կորոշի ազատ արձակել: Անի Նավասարդյանը բավականին ակտիվ էր Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ: Նա ոստիկանության առջեւ պայմաններ էր դնում՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու համար: Հենց այդ օրը եղան բախումներ եւ 51 անձ հոսպիտալացվեց: Անի Նավասարդյանը ՊՊԾ գունդը գրաված անձանցից Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է։