Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին իշխանական թեւից հնարավորություն էին տվել գրավել ՊՊԾ-ն. Ս. Զոլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
qnnarkum

Այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին իշխանական թեւից հնարավորություն էին տվել գրավել ՊՊԾ շենքը. «Այդ օպերացիան հնարավոր չէր իրականացնել, եթե իշխանության մի ուժային թեւի կողմից հնարավորություն չտրվեր: Բոլորի հեռախոսները լսվում են, նրանց ամեն մի քայլը տեսանկարվում է, այդ ինչպե՞ս եղավ, որ ոչ մեկը չիմացավ: Այդ խմբի ազնվությանը չեմ կասկածում, բայց նրանց հնարավորություն տվեցին»,-ասաց նա՝ խոսելով նաեւ Սերժ Սարգսյանի՝ այսօր արված հայտարարության մասին. «Եթե Սերժ Սարգսյանը պետք է դիմեր զինված խմբին եւ ընդամենը ասեր՝ ձեզ սամասուդ չենք անի, ամեն ինչ կլինի օրենքով, այդ պարզագույն միտքը նա կարող էր հայտնել հենց առաջին օրը»: Քննարկմանը ներկա՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այս միջադեպից հետո պետք է հրաժարական տան ԱԱԾ պետն ու ոստիկանապետը. «Եթե Սերժ Սարգսյանն իր բանդայի հետ դաս չքաղի այս ամենից, ապա հետո գալու է թաղի տղաների փուլը, որոնք կլուծեն իրենց ոչ քաղաքական հարցերը ոչ քաղաքական տարբերակներով: Մեր բոլորի նպատակը Սերժ Սարգսյանի կրիմինալ իշխանությունից ազատվելն է»: Մյուս բանախոսը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն էլ նշեց, որ այս ամենը 25 տարի կուտակված լիցքերի արդյունքն է. «Սա երեկ չի սկսվել, 10 տարի առաջ չի սկսվել: 25 տարվա լիցքեր են, որոնք մի մարդու մեջ չեն, այլ մի ամբողջ ժողովրդի, որը պարպվեց այս տղաների մեջ, եւ գուցե նրանք մեր միջի ամենաազնիվներն էին»,-նշեց նա: Հեքեքյանը հավելեց, որ տղաների արարքը ժողովրդին բաժանել է մեծ եւ փոքր մասերի. «Փոքր մասն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք լավ են ապրում, կարողանում են իրենց հարցերը լուծել, իսկ մեծ մասն էլ չքավոր ժողովուրդն է: Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, կանգնի ցուցարարների կողքին»: