Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեք Ենիգոմշյանը համոզված է, որ «Սասնա ծռեր»-ը չեն լսի Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
yenigomshyan

Սերժ Սարգսյանի ելույթում բովանդակային ոչինչ չկար. կարծում է  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: «Ազատության» ուղիղ եթերում խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին՝  նա ասում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հարիր չէր ճգնաժամային վիճակում գտնվող երկրի ներկայացուցչին: «Մենք գտնվում ենք խորը ճգնաժամում, երկու իմաստով՝  մեկը մինչեւ այս իրավիճակը, բոլոր ոլորտների ճգնաժամն է եւ երկրորդը՝ նեղ իմաստով՝ հուլիսի 17-ին սկսված իրավիճակն է»: Պարոն Ենիգոմշյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կապի մեջ չի եղել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ, բայց համոզված է, որ նրանք չեն լսի Սերժ Սարգսյանին. «Չեմ ուզում նրանց փոխարեն խոսել, բայց ես ավելի քանի 100 տոկոս վստահ եմ, որ այդ մոտեցումը իրենց համար մերժելի է, նրանք արհամարհելու են դա»: Ալեք Ենիգոմշյանը տարօրինակ է համարում, որ 6 օր լռությունից հետո Սերժ Սարգսյանը խոսեց, եւ դրանից անմիջապես հետո խոսեց Լեւոն Տեր Պետրոսյանը. «Դա մտածելու առիթ է տալիս»: Ինչ վերաբերում է հայտարարությունների այն մասին, որոնք վերաբերում են Արցախյան խնդրին, ապա, ըստ պարոն Ենիգոմշանի՝ դա միայն իրենց մտահոգող հարց չէ. «Արցախի հարցը  մտահոգում է նաեւ այդ տղաներին, դա նրանց համար ամենակարեւոր հարցերից է: Ես ուզում եմ հիշել, թե ինչ մեզ ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Այն ժամանակ չկար «Սասնա ծռեր», չկար այս վիճակը , բայց ունեցանք պատերազմ, իր բոլոր դրսեւորումներով; Ճգնաժամը, որ կա այսօր երկրում, խոցում է նաեւ պաշտպանությանը: Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ վիճակը փչացած է նաեւ այդ ոլորտում: Ոչ թե այսօրվա բուն իրավիճակն է խաթարում ամեն ինչ, այլ  հակառակը՝ մեր երկրի ընդհանուր վատ վիճակը ինչքան շարունակվի, այնքան ֆրոնտում մենք լինելու ենք  խոցելի: Եթե մենք Հայաստանում ոչինչ չենք փոխում, ու ասում ենք, որ ֆրոնտում խոցելի կլինենք, ուրեմն մենք շարունակում ենք այն դավաճանական քաղաքականությունը, որ մինչեւ հիմա վարել ենք»: Անդրադառնալով արցախյան  բանակցություններին՝ նա ասեց. «Կազանյան ծրագիրը 95 տոկոսով նույն այն ծրագիրն է, որի պատճառով հեռացրեցին Լեւոն Տեր Պետրոսյանին, անհասկանալի բան է»; Նա վերջում հաստատեց, որ այս պահին Վիտալի Բալասանյանն է տանում բոլոր բանակցությունները, բայց չցանկացավ ասել, դրանք արդյունք տալիս են, թե ոչ: