Շան տեղ չենք դնում. Մովսեսի գյուղապետ
Տավուշի մարզի Մովսես գյուղում այս պահին խաղաղ է. այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց գյուղապետ Արարատ Ավալյանը. «Հիմա մեր ճանապարհներն ենք բարեկարգում, կարկուտից, սելավից վնասվել էր, մեր աշխատանքներն ենք անում: Թուրքին շան տեղ չենք դնում»: Հիշեցնենք, որ երեկ ժամը 17:10-ին, հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է սահմանամերձ Մովսես գյուղը։ Ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Գյուղապետը վստահ է, կրակոցները նպատակային են եղել. «Դե տեսել են, որ երեխաներ են խաղում ու կրակել են այդ ուղղությամբ»: Պարոն Ավալյանը վստահեցրեց, նաեւ որ երեխաներն առանձնապես չեն վախեցել՝ արդեն սովոր են. «2 ժամ հետո գնացել էին նույն դաշտում ֆուտբոլ էին խաղում»: Մեր հարցին, թե արդյո՞ք սահմանի լարվածությունը կապված է Երեւանում տեղի ունեցող դեպքերի հետ, պարոն Ավալյանը պատասխանեց. «Չեմ կարծում»: