«Ի՞նչ իրավունքով ես հանձնում հողերը, քո տղան զոհվե՞լ է այնտեղ» (տեսանյութ)
Կարծես արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ բանակցությունների սեղանին ազատագրված հինգ շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը կա։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն խուսափում տարբեր առիթներով օգտագործել «փոխզիջում» արտահայտությունը, մինչդեռ մեր համաքաղաքացիները բացառում են դա. «Արյունով վերցվածը հենց նենց չեն տալիս»: «18 տարեկան տղաները կյանքը զոհեցին ապրիլյան պատերազմում։ Հաստատ հիմա էլ կանեն։ Այդքան արյուն թափելուց հետո չի կարող նման բան լինել»,-նշում էին նրանք։ Երեւանցիները վստահեցնում են՝ պատրաստ են դուրս գալ փողոց, եթե իշխանությունները սկսեն տարածքների հանձնման գործընթաց. «Միանշանակ բոլորի հետ միասին կպայքարենք, որովհետեւ այդ մատղաշ երիտասարդների կյանքը մեր խղճի վրա է»,-ասում է մի կին, իսկ մի աղջիկ էլ հավելում. «Հատկապես այս վերջին քառօրյա պատերազմից հետո մեր սերունդը, որ տեսավ այս ամենը իր աչքերով, հիմա հաստատ թույլ չի տա»։ Իսկ եթե իշխանությունները գնան այդ քայլին, ապա քաղաքացիների որակումը մեկն է՝ «Դա կլինի ամենամեծ դավաճանությունը։ Ի՞նչ իրավունքով ես ստորագրում, տալիս, քո տղա՞ն զոհվել է այնտեղ, խեղճ ու կրակ ժողովրդի երեխաներն են զոհվել»,-նշում են նրանք։ Մեր համաքաղաքացիները կարծում են, որ էրեբունու պետական պահպանության ծառայության շենքի գրավումը կապված է նաեւ ԼՂ հարցով բանակցությունների հետ։ Պատերազմի թոհուբոհով անցած մարտիկները այդ քայլին դիմել են՝ հանուն Արցախի։ «Այսօր այդ նույն շենքում նախկին ազտամարտիկներ են, ովքեր չեմ կարծում, որ պայքարել են Արցախի համար, որ այսօր ապստամբ կամ ահաբեկիչ կոչվեն»,-ասաց Երեւանի բնակչուհիներից մեկը։ Մանրամասները՝ տեսանյութում