Նախարարը՝ ստեղծված իրավիճակի ու վարչապետի հայտարարության մասին (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում ոստիկանության կողմից ցուցաբերված հանդուրժողականության մակարդակը: Այսօր կառավարության նիստից հետո նա հայտարարեց այս մասին՝անդրադառնալով ՊՊԾ-ի գրավմանը. «Եթե մանրամասն քննություն իրականացվի իրավասու մարմինների կողմից՝ այդ թվում ՄԻՊ գրասենյակի կողմից, հնարավոր է լինեն առանձին դեպքեր, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ կամ ոչ համաչափ դրսևորում: Առանձին դրվագներում տեսնում ենք, որ ակնհայտ սադրիչներ կային, ովքեր հրահրում էին բախումներ, այդ մարդիկ բոլորի իրավունքները ոտնահարում էին»: Հարցին, թե իր համար այդ մարդիկ ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված «պատանդ վերցնել» արտահայտություն, ինչը կարծես թե որեւէ կողմ չի հերքում՝ ի՞նչ է նշանակում դա»։ Իսկ թե ինչու է իշխանությունը մինչեւ հիմա լռում, նախարարը պատասխանեց. «Վարչապետը նոր հայտարարություն արեց, որոշ մարդկանց համար այդ հայտարարությունը ոչինչ չասող է, որոշների համար ամեն ինչ ասող է»։ Նա հիշեցրեց, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում. «Զինված հարձակումը կազմակերպած անձիք պետք է ընկալեն , որ ՀՀ ում պետք է գործի օրենքը եւ օր առաջ կայացնեն որոշում հանձնվելու մասին։ Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասին, որոնց ես էլ եմ ճանաչում և ովքեր որ Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսևորեն և հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով: Ակնհայտ է, որ անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով»: