Պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն. Զ. Փոստանջյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը կապվել է Գալուստ Սահակյանի հետ, որպեսզի Երեւանում ստեղծված վիճակը քննարկեն խորհրդարանական լսումների կամ Ազգային Ժողովի նախագահի մոտ քննարկումների ֆորմատով. «Ինքը արդեն ի սկզբանե պարզ էր, որ էդքան էլ ոգեւորված չէ էդ գաղափարով»,- նշում է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամը: Իսկ Նիկոլ Փաշինյանին չի ոգեւորում այն, որ իրավիճակը գնահատում են քրեական հոդվածներ մեջբերելով: Նաեւ այն, որ «Սասնա ծռերի» տղաներին փորձում են ներկայացնել որպես ահաբեկիչ, ներկայացնողները վատ գիտեն Հայաստանի քաղաքացուն. «Ցանկացած քաղաքական գործիչ կասի, որ որ գյուղ մտնես, որ քաղաք մտնես, մարդիկ երբ գալիս են, շատ դժվարությամբ են լսում քաղաքական գործունեության մասին որեւէ խոսակցություն, նրանք ասում են՝ ա, ինչ եք ասում, պետք ա զենք վերցնել: Էդ նշանակում ա ՀՀ բնակչության մի զգալի մասը դարձել է ահաբեկիչ»: Սերժ Սարգսյանն, ըստ Նիկոլ Փաշինյանի, հասել է այն բանի, որ քաղաքացիների մի հսկայական զանգված ներքին մարտահրավերների դեմ առաջարկում է միայն ուժային լուծում: Եվ դեռ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին պետք է պարզաբանի, թե վերջին երկու օրվա ընթացքում ի՞նչ հիմքերով է բերման ենթարկել հարյուրավոր քաղաքացիների եւ փակել Ներքին զորքերի զորամասում: Սա չլսված բան է. «Ինձ անհանգստացնում է այն, որ ըստ էության իրադարձությունների զարգացման մեկնաբանության եւ տեսլականի մասին խոսում են միայն ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը»,- նշում է նա: https://youtu.be/FOgNp1aJLd4 Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ ոստիկանությունը Հայաստանում չի վերահսկում իրավիճակը, փոխարենը քաղաքացիների հանդեպ իրականացնում է ռեպրեսիաներ. «Այս ռեպրեսիաները հենց այնպես չեն իրականացվում: Դրանք ունեն հատուկ հեղինակներ եւ հեղինակը հենց Սերժ Սարգսյանն է»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ պատգամավորի, Սերժ Սարգսյանը պետք է գա Խորենացի փողոց եւ անձամբ վարի բանակցություններն ապստամբների հետ: Իսկ այս օրերին փողոց դուրս եկած քաղաքացիներն էլ գիտեն, թե ինչ կանեն. «Քաղաքացիները բոլորը պետք է ընդվզեն, ընդվզումը պետք է տեղի ունենա բոլոր հրապարակներում, այլ կերպ մենք խնդրին լուծում չենք կարող տրամադրել»,- կարծում է նա: Տիկին Փոստանջյանը հիշեցնում է, որ Էրեբունու պարեկապահակային ծառայության շենքը գրաված ապստամբների եւ բոլոր հայաստանցիների պահանջը մեկն է՝ Սերժ Սարգսյանի հեռացում: Ի դեպ, հենց նա էլ բոլոր հանրապետականներին հրահանգել է լռել եւ չմեկնաբանել Հայաստանի քաղաքական սրված վիճակը «Մենք պետք է ստեղծենք ժամանակավոր կառավարություն, որը պետք է սպասարկի ապագա ընտրությունները, թե խորհրդարանական, թե նախագահական»: