Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամբոխը չի կարող ղեկավարել, ամբոխը ուղեկցվում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
j6nctDL8XzI

Էրեբունու դեպքերից հետո  ՀՀԿ-ից մինչ այժմ ոչ ոք հայտարարություն չի արել, գնահատական չի հնչեցրել եւ մինչեւ հիմա պարզ չէ, թե իշխանությունն ինչ դիրքորոշում ունի, ինչ հոդվածով են քրեական գործեր հարուցվելու։ Այս ամենը քաղաքագետ Աղասի Ենոքյանին հիմք է տվել եզրակացնել՝ իշխանության գործողությունները ադեկվատ չեն։ Ոստիկանությունն էլ անպատեհ եւ անկանոն ձերբակալումներով հրահրեց մարդկանց դուրս գալ փողոց՝ իրենց ընկերներին, համախոհներին պաշտպանելու համար։ «Այս ամենը պետք է   լինի ահազանգ իշխանությունների համար։ Երբ որեւէ պահանջ են առաջ քաշում իշխանությունների առջեւ,  վերջիններս պահանջն օգտագործում են ճիշտ հակառակ ուղղությամբ. ժողովրդավարության պահանջ են առաջ քաշում, ստեղծում են նոր Սահմանադրություն , որը շատ ավելի քիչ ժողովրդավար է։ Արդար ընտրությունների պահանջ են առաջ քաշում, ստեղծում են ընտրական օրենսգիրք, որով ավելի դժվար է գնալ արդար ընտրությունների։ Իսկ վերջին քայլը սարսափելի էր, երբ առաջ ենք քաշում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր ՝ կրճատում են սոցիալական փաթեթները, հանում են հանգստի մասը։ Հայաստանում սոցիալական փաթեթից օգտվում է 200 հազար մարդ, այսքան մարդու պատժում են»,- ասաց քաղաքագետը։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքերով՝  «փողոցային քաղաքականությունը լավ բանի չի հանգեցնի», եւ ճիշտ չեն նրանք, ովքեր կոչ են անում դուրս գալ փողոց, սա հղի է վատ հետեւանքներով։ «Շատերը չգիտեն կամ մոռացել են. Ղարաբաղյան շարժումը սկսվեց էկոլոգիայի խնդիրներով։ Ժողովրդին հանեցին դուրս, հետո շարժումը այլ ընթացք ունեցավ։ Նման սցենարներ վաղուց են մշակված. եւ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են երկրներ կործանվում։ Չմոռանանք, ինչ է կատարվում Լիբանանում, Սիրիայում, Ուկրաինայում։ Ամբոխը չի կարող ղեկավարել,  ամբոխը ուղեկցվում է»։ Նա տեղեկացրեց նաեւ,  որ ստեղծագործական միությունները միավորվել են եւ ստեղծել կոնֆեդերացիա, որն էլ վաղը հանդես կգա հայտարարությամբ։ Չի բացառվում, որ մշակութային գործիչները կառաջարկեն միջնորդի դեր ստանձնել կողմերի միջեւ։