Այսօր բերման է ենթարկվել 15 քաղաքացի
Մայրաքաղաքի տարբեր հատվածներից ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիների: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ միայն այսօր բերման է ենթարկվել մոտ 15 քաղաքացի: Մեզ հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը նշեց, որ այս պահին ահազանգեր ունեն Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկվածների վերաբերյալ, ուր այժմ փաստաբանների խումբ են ուղարկում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի արձանագրած տվյալներով էլ երեկ եւ այսօր բերման ենթարկվածների ընդհանուր թիվը հասնում է մոտ 50-ի: Նրանց թեժ գիծը դեռ քաղաքացիներից ահազանգեր չի ստացել, սակայն իրենք հետեւում են լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններին, ինչպես նաեւ արձանագրում ուղիղ հեռարձակման ընթացքում ոստիկանության գործողությունները: «Իրազեկ քաղաքացիների միավորման» թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 011 355042 և 041 355042: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 080 00 12 11 (անվճար), 0322 4 22 68, 094 04 22 68 և 010 53 61 72: