Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտքովս չէր անցել, որ կհայտնվեմ այստեղ». Ժակլին Բիսեթը Հայաստանում է (տեսանյութ)

Մշակույթ
Jaklin-nkar

Անվանի ռեժիսորների ֆիլմերի աստղ, անգլուհի Ժակլին Բիսեթը երեկ գիշեր ժամանել է Հայաստան։ Քիչ առաջ առանց կարմիր գորգի ու ճոխությունների նա եկավ «Մոսկվա» կինոթատրոն։ 72-ամյա դերասանուհու գերող ժպիտն ու փայլող կապույտ աչքերը նույնն էին, ինչ բազում ֆիլմերում, որտեղ նա նկարահանվել է տարիներ առաջ։ «Ա1+»-ի ինչպե՞ս եք հարցին դերասանուհին նույն ժպիտով արձագանքեց. «Շատ լավ, շնորհակալություն»։ Ապա մտավ կինոթատրոն ու շտապեց դահլիճ։ Այստեղ նրան էին սպասում հանդիսատեսի չդադարող ծափերն ու հիացած հայացքները։ Արդեն բեմում դերասանուհին նշեց, որ ապրում է Լոս Անջելեսում, որտեղ հայերը շատ են։ «Շատ հաճախ իրենց հետ զրուցում եմ այստեղի կյանքի մասին։ Մտքովս չէր անցել, որ ինքս կհայտնվեմ այստեղ։ Հիմա ամեն ինչ պետք է բացահայտեմ։ Արդեն համոզվել եմ, որ շատ լավ ժողովուրդ եք, ջերմությունը զգում եմ։ Հիմա տեսնեմ՝ խոհարարությունն ինչպե՞ ս է»։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ նշեց. «Ժակլինն արժանացել է մեր փառատոնի ամենամեծ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։ Այն տրվում է միայն համաշխարհային մեծագույն աստղերին, որոնք վաստակ ունեն աշխարհում։ Բայց հիմա չենք տալու դա, այլ հանձնելու ենք փառատոնի փակման ժամանակ»։ «Ֆրանսուա Տրյուֆոն սքանչելի գործիչ էր։ Սա շատ անկեղծ ու ճշմարիտ ֆիլմ է և պատկերացում է տալիս, թե ինչպես են ընդհանրապես ֆիլմերը նկարահանվում։ Այն ողբերգական է, միաժամանակ կատակերգական ու արտառոց։ Եվ պետք է ասեմ, որ Եվրոպայում այս ֆիլմն իմ կյանքը փոխեց։ Այնպես որ վայելեք»,-իր մասնակցությամբ «Ամերիկյան գիշեր» ֆիլմի մասին ասաց դերասանուհին։ Ապա սկսվեց ցուցադրությունը։ Հանդիսատեսը համակ ուշադրությամբ հետևում էր յուրօրինակ ֆիլմի ընթացքին։