Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ անգամ ընկել եմ և սկսել զրոյից». վրաց ռեժիսորի ուղերձը  (տեսանյութ)

Մշակույթ
rejisor-nkar

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվելու է վրաց ռեժիսոր Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը։ Այն ընդգրկված է Միջազգային խաղարկային մրցույթում։ Ֆիլմը ներկայացնում է երիտասարդ, միայնակ կնոջ պատմություն, ով որոշում է մեկնել Միացյալ նահանգներ՝ բարելավելու իր և աուտիզմով հիվանդ երեխայի կյանքը։ Ո՞րն է ֆիլմի գլխավոր ուղերձը, «Ա1+»-ի հարցին ի պատասխան ռեժիսորը նշեց. «Ցանկացած դժվարության դեպքում պետք է պայքարել, երբեք չպետք է հուսահատվել։ Իմ կյանքում ես շատ անգամ ընկել եմ և սկսել զրոյից։ Եվ իմ ֆիլմի ուղերձը հենց դա է. երբեք չպետք է հանձնվել»։ Նինո Բասիլիան մի քանի վեպի, նաև՝ ֆիլմերի և հեռուստատեսային սերիալների սցենարների հեղինակ է։ Ռեժիսոր դառնալու նպատակով Վրաստանից մեկնել է Ռուսաստան, Մոսկվայում ավարտել Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացը։ Նկարահանել է մի քանի վավերագրական ֆիլմ, բեմադրել վեց ներկայացում։ Նինո Բասիլիան իր հեղինակած սցենարի համար արժանացել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի մրցանակին և նկարահանել իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Աննայի կյանքը»։ Արդյո՞ք վրաց ռեժիսորը ծանոթ է հայկական կինեմատոգրաֆիային. «Այո, ես դիտել եմ մի քանի ֆիլմեր։ Բայց, ցավոք, վատ հիշողության պատճառով չեմ կարող հիմա մտաբերել դրանք»։ Հետո նա, այնուամենայնիվ, մտաբերեց, որ Փարաջանովի ֆիլմն է դիտել։ Նինո Բասիլիային դուր է եկել հայկական հյուրընկալությունը, փառատոնի կազմակերպվածությունը։ «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,-ասուլիսի վերջում շեշտեց նա։