Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ խորհրդարանը Արցախի խնդրի լուծման հարցում լծակներ չունի (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes-sahakyan

Հայաստանի խորհրդարանը Արցախի խնդրի լուծման վերջնական տարբերակի վրա լծակներ չունի: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը շեշտում է. «Արցախի խնդիրը լուծողը Արցախի ժողովուրդն է»: Սակայն ո՞րն է լինելու Հայաստանի խորհրդարանի դերը, երբ համանախագահների եւ նախագահների մակարդակով որոշեն իրականացնել լուծման որեւէ տարբերակ. «Սահմանադրությամբ նշված է մեր Ազգային Ժողովն ինչի համար է՝ օրենքներ է ընդունում, միջազգային պայմանագրեր է քննարկում նորից ընդունում»: Պարոն Սահակյանն ասում է, որ այս մասին ինքը որոշակի ոչինչ չի կարող ասել՝ մենք չգիտենք, թե հատկապես լուծման ինչ տարբերակ կգտնեն եւ ինչ դեր կվերագրվի Հայաստանին. «Ազգային Ժողովը կոչված է իրականացնելու այնպիսի լիազորություններ, որոնք իրեն վերապահված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»: Սակայն կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն է փոխում, որպեսզի տարածքների հնարավոր հանձնումը նախագահի վրայից տեղափոխվի խորհրդարանի վրա: Հովհաննես Սահակյանին այս վարկածը հայտնի չէ. «Ազգային Ժողովը գործում է մեր պետության սահմանների ներսում, ազատագրված տարածքները, Արցախը որպես նաեւ այն տարածքների անվտանգության երաշխիքի գոտի, դրանք այլ կարգավիճակ ունեն»: Պարոն Սահակյանը հիշեցնում է, որ քառօրյա պատերազմից հետո Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները երկու երկրների խորհրդարաններում վավերացնելու կամ նույնիսկ քննարկելու կարիք չեղավ. «Մենք ընդամենը որպես արտաքին քաղաքականություն իրականացնող առաջնային մանդատով օժտված մեր պաշտոնյաները, երկրի նախագահը հանդիպման ժամանակ առաջ քաշեցին հարցեր, որոնք դարձան օրակարգային»: Հովհաննես Սահակյանը հիշեցնում է, որ Վիեննայում կայացված պայմանավորվածությունները բխում էին Հայաստանի եւ Արցախի ժողովրդի շահերից: