Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱՏՕ-ի երկրները հասկացան, որ Ռուսաստանն ավելի է ագրեսիվանում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
styop

ՆԱՏՕ-ն բախում չի ուզում, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում խնդիրներ առաջացնել հարևան երկրների համար, բայց Դաշինքի երկրներն ունեն անվտանգության խնդիր և մոտ 1 միլիարդանոց բնակչությունը պահանջ է ներկայացրել անվտանգություն ապահովելու։ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովից հետո այսպիսի եզրահանգման է եկել ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը, որը նոր է վերադարձել Լեհաստանի մայրաքաղաքից։ «Խոսքը վերաբերում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի, Բալթյան երկրների՝ Ռուսաստանի հետ վերջերս ունեցած խնդիրներին։ 2014 թվականի ուելսյան գագաթնաժողովը շատ ավելի խիստ մոտեցումներ որդեգրեց Ռուսաստանի նկատմամբ, բայց ՆԱՏՕ-ում դեռ հույս ունեին, որ Ռուսաստանը կնահանջի, կփորձի քայլեր անել։ Երկու տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները հասկացան, որ Ռուսաստանը ավելի է ագրեսիվանում»,- ասում է պարոն Մելիքյանը։ Փորձագետը նաև առանձնացնում է մեկ նշանակալի հանգամանք՝ տեղի ունեցավ ՆԱՏՕ-Եվրամիություն նոր մերձեցում. նրանց միջև առկա տարաձայնությունները կարծես թե հարթվում են։ Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական երկու միավորները մշտապես տարբերվել են նրանով, որ ՆԱՏՕ-ն գործողություններում կարևորել է ռազմական կոմպոնենտը, ի տարբերություն ԵՄ-ի, որը կողմնակից է եղել հարցերը լուծել թեթև գործիքներով։ Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ վարշավյան գագաթնաժողովով ՆԱՏՕ-ն Ռուսաստանին հասկացրեց, որ անցնում է հին մեթոդին՝ սանձահարում և զսպում. «Խոսքը վերաբերում է սառը պատերազմի տարիներին միջուկային զսպմանը, երբ Խորհրդային միությունն ու Արևմուտքի երկրները ունեին համապատասխան միջուկային բազա և կարողանում էին մեկը մյուսին զսպել և թույլ չտալ պատերազմի սանձազերծում»։ Հյուսիսատլանտյան դաշինքն այլևս չի սպասելու, թե Ռուսաստանն իրեն ինչպես կպահի։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, ՆԱՏՕ-ն թողնում է բաց դռներ՝ հնարավորություն տալով Ռուսաստանին ավելի կառուցողական դառնալ, ինչը դուր չի գալիս դաշինքի՝ Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող երկրներին, որոնք ավելի կոշտ գործողություններ են ակնկալում ընդդեմ Ռուսաստանի։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ՝ Վարշավայի գագաթնաժողովում որոշակի հաջողություն ունեցավ Ռուսաստանը, ում հաջողվեց կանխել ՆԱՏՕ-ական Սևծովյան խմբի ձևավորումը. «Բուլղարիան հրաժարվեց այդ ծրագրից, և միայն Ռումինիայով ու Թուրքիայով այն չէր կարող ձևավորվել։ Սրա հետևանքով էլ ՆԱՏՕ-ն կորցրեց հնարավորությունն ուժեղացնելու Վրաստանի ու Ուկրաինայի ռազմածովային ուժերը»։ Աղասի Ենոքյանը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում «սառը պատերազմ» չի սպասում. «Դրա փոխարեն կա լուռ զսպման քաղաքականություն, որն արտահայտվում է սովորական, հրթիռային, երբեմն նաև միջուկային սպառազինությունների միջոցով»։ Սորբոնի համալսարանի դասախոս, դոկտոր Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ բացառվում է այնպիսի զարգացումը, երբ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա, նույն կերպ նա բացառում է նաև հակառակ զարգացումը։ «ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը գնում են ոչինչ չտվող առճակատման, դրա փոխարեն նրանք կարող էին միավորվել համար 1 միջազգային վտանգի դեմ»։ Հայկ Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում Լեռնային Ղարաբաղին վերաբերող քննարկումներին, երբ ՆԱՏՕ-ն, փաստորեն, ճանաչում է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նախ և առաջ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը որոշակի քաղաքականություն է ենթադրում։ Լավ կլիներ, եթե ՆԱՏՕ-ն ձեռնպահ մնար որևէ տեսակետ հայտնելուց՝ հատկապես այս լարված իրավիճակում»։ Նրա գնահատմամբ՝ Հարավկովկասյան տարածաշրջանում որոշակի ժամանակ լարվածության բացակայություն է նշանակում այն հանգամանքը, որ Վրաստանն այս պահին չի մտնում ՆԱՏՕ։ «Սա Հայաստանի համար այնքան էլ վատ հանգամանք չէ, որովհետև դա կնշանակեր առավել մեծ ռազմականացում»։