«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն առանց փոխզիջման չի կարող լինել». ՀՀԿ-ական (տեսանյութ)
«Նախագահը, արտգործնախարարը եւ, ընդհանրապես, մեր երկիրը միշտ էլ ասելիք ունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթին ՆԱՏՕ-ում, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ կարեւոր է, որպեսզի անընդհատ բարձրաձայնվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին: Հարցին, թե ինչ կարծիք ունի նա անընդհատ շահարկվող փոխզիջումների մասին, պատգամավորը պատասխանեց. «Փոխզիջման մասին մեր բոլոր երեք նախագահները, քաղաքական գործիչները խոսել են վերջին 25 տարվա ընթացքում: Փոխզիջման մասին պետք է խոսել՝ հասկանալով, իհարկե, թե ինչ է նշանակում փոխզիջում»: Դիտարկմանը, թե ինչ է նա հասկանում փոխզիջում ասելով, Լեւոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Փոխզիջում ասելով՝ ես հասկանում եմ փոխզիջում, թե ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները, դեռեւս հայտնի չէ, բայց որ երկու կողմն էլ ինչ-որ մի փոխզիջման պետք է գնա, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, հակառակ դեպքում՝ այս իրավիճակը կարող է շարունակվել»: Քաղաքական գործիչը միեւնույն ժամանակ նշեց, որ փոխզիջման գնալը կլինի վերջին քայլը, երբ բանակցություններն ավարտվեն եւ խաղաղության համաձայնագիր կնքվի, բայց Լեւոն Մարտիրոսյանը կարծում է, որ դա այդքան էլ շուտ չի լինի: