Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինայի դեսպանատունը փաստաթղթեր պահանջեց ճարտարապետից (տեսանյութ)

Հասարակություն
nkar-2

Զվարթնոցի հին մասնաշենքի քանդման որոշում կայացվել է՝ չնայած որ ճարտարապետները դեմ են այդ ծրագրին։ Նրանց դիրքորոշմանը տեղյակ է ինչպես Կառավարությունը, այնպես էլ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը։ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է. «Փողի շրջանառության խնդիր է միայն, մշակութային հարցերն իրենց բոլորովին չի հետաքրքրում։ Եվ եթե այսպես շարունակվի, մենք կդառնանք բարբարոս ազգ, որը ոչինչ չունի հպարտանալու»։ «Զվարթնոցի» հին համալիրը քանդելու փոխարեն անհրաժեշտ է այն արդիականացնել, Ազատության հրապարակում օդանավակայանի հին համալիրի քանդման դեմ բողոքի ակցիային հայտարարում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Մեր կողմից արվել են նախագծեր, որոնք ի հայտ են բերել մոտ 40000 թաքնված մակերեսներ Զվարթնոց օդանավակայանում, որով հնարավոր է իրականացնել ժամանակակից արդիականցում»։ «Զվարթնոցի» սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի ու կառավարության միջև օդանավակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիրը շինծու է։ Որպես իր ասածի ապացույց Անդրիաս Ղուկասյանը փաստ է ներկայացնում։ «Բաժնետիրական ընկերության բաժնետերը իրավունք չունի գործարք կնքել ընկերության անունից։ Սա կոռուպցիա է և այդ կոռուպցիայի համար թալանել են մեր ժողովրդին, սովորական ծառայության համար մարդիկ բազմապատիկ ավել գումարներ են վճարել»։ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները պահանջներ ունեն ոչ միայն Հայաստանի իշխանություններից։ Հետաքննություն անցկացնելու պահանջով նրանք երթով շարժվեցին Հայաստանում Արգենտինայի դեսպանատուն։ Այդ երկրի քաղաքացի է Էդուարդո Էռնեկյանը։ Դեսպանատան աշխատակցի հետ հանդիպումից հետո Անահիտ Թարխանյանը հայտարարեց՝ արգենտինական դատախազություն փոխանցելու համար ներկայացված փաստաթղթերից բացի դեսպանատանն անհրաժեշտ են նաև անուններ՝ ի՞նչ կազմակերպություն և ովքե՞ր են գնահատել «Զվարթնոց» օդանավակայանը։ Հավելյալ թղթերը կներկայացվեն հաջորդ շաբաթ։