Գերմանիան Ֆրանսիային հաղթելու լուրջ նախանշան ունի
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղին երկրպագուներն էլ ավելի անհամբերությամբ են սպասում, քան մեկ օր առաջ կայացած Պորտուգալիա – Ուելս հանդիպումն էր: Ճիշտ է, այս խաղում չկա Ռոնալդու – Բեյլ աստղային հակամարտություն, սակայն սույն թիմերում ավելի շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, բացի այդ այս երկու երկրների խաղերը միշտ էլ սկզբունքային բնույթ են կրել: Տարեց ֆուտբոլասերները հավանաբար հիշում են 1982 թվականի աշխարհի առաջնության ԳՖՀ – Ֆրանսիա հանդիպումը, որն իր դիտարժանությամբ մտնում է աշխարհի 10 լավագույն խաղերի մեջ: Բանն այն է, որ գերմանացի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 11մ հարվածներով, չնայած լրացուցիչ ժամանակում զիջում էին 1:3 հաշվով: Ֆրանսիան ու Գերմանիան վերջին անգամ պաշտոնական մրցաշարում հանդիպել են երկու տարի առաջ՝ 2014թ աշխարհի առաջնությունում: Այն ժամանակ Մաթս Հումելսի խփած գոլը հաղթանակ բերեց գերմանացիներին, որոնք հետագայում դարձան չեմպիոն: Բացի այդ, վիճակագիրները պարզել են, որ Գերմանիայի հավաքականը աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ժամանակ երբեք չի պարտվել՝ դրանք անցկացնող երկրների ընտրանիներին: Գերմանացիները նման մրցաշարերում 9 անգամ հանդիպել են դաշտի տերերի հետ, եւ բոլորում էլ հաղթանակ են տոնել: Վերջին նման խաղը կայացել է 2014թ աշխարհի առաջնության ժամանակ, երբ Գերմանիայի ընտրանին կիսաեզրափակիչում 7:1 հաշվով ջախջախեց Բրազիլիայի հավաքականին: Սակայն, հասարակ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիան ընդհանուր առմամբ հաջող է խաղում Գերմանիայի դեմ: Նախկինում կայացած 27 հանդիպումներում ֆրանսիացիները տարել են 12 հաղթանակ, իսկ գերմանացիները՝ 9: