Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր բախտը փնտրելու ենք հակառակորդի տուգանային հրապարակում»

Սպորտ
sport-evroliga

«Մենք կորցնելու ոչինչ չունենք, ուստի մեր բախտը փնտրելու ենք հակառակորդի տուգանային հրապարակում: Ես եզրային պաշտպաններին անգամ հրահանգ եմ տվել ավելի շատ մասնակցել գրոհների: Մեր նպատակն է անպայման հաղթանակ տանել այս խաղում», - ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Փյունիկ» - «Եվրոպա» պատասխան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասել է փյունիկցիների գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Սակայն նախկին ֆուտբոլիստն այնքան էլ վստահ չէ վերջնական հաջողությանը: «Եվրոպան» ոչ ուժեղ, ոչ էլ թույլ թիմ է, պարզապես այժմ «Փյունիկում» շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք միանգամից չեն կարող ամեն ինչ անել խաղադաշտում, հատկապես պաշտպանությունում, որտեղ շատ կարեւոր է ֆուտբոլիստի փորձը», - եզրակացրեց Սարգիս Հովսեփյանը: «Առաջին խաղում մենք հաղթեցինք մեր խաղային փիլիսոփայության հաշվին: Մենք խաղում ենք միմիայն հաղթանակի համար: Պատասխան խաղում պետք է նույն ոգեւորությամբ գրոհենք, որպեսզի կարողանանք հաղթել եւ մտնել Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ», - նախախաղային մամուլի ասուլիսում ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Խուան Խոսե Գալյարդոն: Ի դեպ, «Փյունիկի» այսօրվա մրցակիցը, Ջիբրալթարի «Եվրոպան», մինչեւ փյունիկցիների նկատմամբ տարած պատմական հաղթանակը (2:0), եվրոգավաթներում կրել էր չորս անընդմեջ պարտություններ՝ չկարողանալով անգամ գրավել մրցակիցների դարպասը: Սակայն, հյուրերի գլխավոր մարզիչ խոսքերից երեւում է, որ փյունիկցիների հետ հանդիպելուց հետո նրա սաների ֆուտբոլային «ախորժակը բացվել» է: