Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Գեւորգ Սաֆարյանի գործով հնարավոր են զարգացումներ (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-safarya

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի դեմ հարուցված  քրեական գործով հնարավոր են զարգացումներ։ « Եթե ոստիկանների գործողություններն անօրինական են, բնականաբար Գեւորգ Սաֆարյանին հնարավոր չէ մեղադրանք առաջադրել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Խնդիրն այն է, որ  դատական մեկ այլ ատյանում քննվում է Գեւորգ Սաֆարյանի բողոքը՝  դատախազի որոշման դեմ, որով կարճվել էր ոստիկանների դեմ գործը՝  Ամանորի գիշերը քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դիմումով։ Նախաքննական մարմինը  նրանց գործողություններում հանցակազմ չի գտել,  մինչդեռ  Գեւորգ Սաֆարյանն ու նրա  պաշտպանը շարունակում են հայտարարել՝  ոստիկանները  պետք է հայտնվեին ամբաստանյալի աթոռին։ «Տեսանյութով երեւում է, թե Գեղամ Խաչատրյանը, թե  մնացած ոստիկանները դիտավորյալ հարվածներ են հասցնում, այն պարագայում, երբ  ոստիկաններին քաշում էին մի կողմ հանգստացնում էին, որպեսզի նրանք չհարձակվեն քաղաքացիների վրա» Ըստ պաշտպանի՝   նախաքննական մարմինը  Գեւորգ Սաֆարյանի  նկատմամբ ընդգծված մոտեցում է ցուցաբերվել , եւ   նրա դեմ եւ նրա պահանջով հարուցված երկու գործերով էլ նույն քննչական խումբն է զբաղվել,արդյունքում  Գեւորգն է դատվում՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանի  նկատմամբ բռնություն գործադրելու համար։ «Չէր կարելի նույն քննչական խմբին երկու գործ հանձնարարել, եթե մի գործով քննչական խումբը հանգել է եզրակացության, որ Գեւորգ Սաֆարյանը մեղավոր է, բնականաբար մյուս գործով չէր հանգելու հետեւության, որ ոստիկանները մեղավոր են»,- նշեց պաշտպանը: Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց: Գործով դատախազը չէր ներկայացել դատարան՝ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով:  Նիստը կշարունակվի հուլիսի 29-ին: