Հելսինկյան կոմիտեի հորդորը` ոստիկանությանը. զեկույց
Անցած մեկ տարվա ընթացքում խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների թիվն անհամաչափ մեծ է եղել։ Դիտարկելով 2015 թվականի հունիսի 30-ից 2016-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, Վանաձորում և Գյումրիում կազմակերպված 126 հավանքները՝ այսպիսի եզրահանգման է եկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։ Իրավապաշտպան կազմակերպությունը հավաքների վայրերում ներկա ոստիկանների անհամաչափ մեծաթիվ լինելը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սկզբունքների խախտում է որակում։ Ըստ կոմիտեի հրապարակած զեկույցի՝ նշված ժամանակահատվածում շարունակվել են խաղաղ հավաքների մասնակիցների անհարկի ձերբակալությունները, որոնց նպատակը եղել է անձանց՝ տվյալ հավաքներին մասնակցությունը խափանելուն։ Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է՝ 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երևան» հավաքի ընթացքում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների առիթով հարուցված քրեական գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում: Որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել նաև 2015 թ. հունվարի 15-ին Ազատության հրապարակում՝ ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի կազմակերպված մոմավառություն-հավաքը դադարեցնելու և մասնակիցներին անհիմն բերման ենթարկելու համար։ Համաձայն ուսումնասիրության՝ խաղաղ հավաքներին մասնակցում են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք, ի տարբերություն նախորդ տարիների, դիտարկվող այս ժամանակահատվածում բռնություն չեն կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ։ «Խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների համազգեստին առկա չեն լինում տարբերանշաններ, ավելին՝ հավաքների վայրերում հաճախ ներկա են լինում առանց համազգեստի ոստիկաններ: Այս հանգամանքը կարող է հետագայում դժվարացնել նրանց նույնականացման գործընթացը»,- ասված է կազմակերպության զեկույցում։ Հելսինկայն կոմիտեն ոստիկանությանը հորդորում է ձեռնպահ մնալ անհամաչափ ուժի և բռնության կիրառումից, անհարկի և չարդարացված ձերբակալություններից։ Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։