Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը ընտրական օրենսգրքի համար գումար է հայթայթում դոնորներից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zurabyan-2

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կոչ է անում որեւէ դավադրություն չփնտրել ու  չտեսնել երեկ ԱԺ արտահերթ նիստին ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին նախագծի 1-ին ընթերցմամբ քվեարկությանը իր եւ Արամ Մանուկյանի բացակայության մեջ: Նշենք, որ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նիստի սկզբում հայտարարել էր, որ նրանք հարգելի պատճառներով են բացակայելու, սակայն խմբակցությունը կողմ է քվեարկելու փոփոխությունների նախագծին: «Ա1+»-ի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հենց այդ ժամին Արամ Մանուկյանը Մոսկվայում մասնակցում էր Սեւծովյան համագործակցության հերթական նիստին, իսկ ինքը Երեւանում հանդիպում էր միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ լուծելու 4+4+4 ձեւաչափի համաձայնագրով անհրաժեշտ գումարների հարցը. «Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ, ԵՄ ներկայացուցիչներ, ԱՄՆ, Գերմանիայի, Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի դեսպանները, ինչպես նաեւ՝ ներկայացուցիչներ ՌԴ դեսպանատնից եւ այլն: Դա մի կարեւորագույն ոչ ֆորմալ հավաք էր, որի նպատակն էր՝ միջազգային դոնորական հանրությունը աջակցի այս համաձայնության իրականացմանը, որի համար անհրաժեշտ է 16 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Իմ մասնակցությամբ ամեն ինչ արեցի, որ այդ հարցը լուծվի»: Պարոն Զուրաբյանը պարզաբանեց՝ դոնոր կազմակերպությունների հետ քննարկել են պակասող 4-5 մլն եվրոյի հարցը: Նշենք, որ Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարել էր, որ  8,5 մլն եվրոն արդեն գտել են, 3 մլն-ն պետք է հատկացնի ՀՀ Կառավարությունը եւ պակասում էր միայն 4-5 մլն եվրոն: «Կան հուսադրող հայտարարություններ, մոտեցումներ, բայց լուծված դեռ չեմ կարող համարել: Շատ ժամանակ չունենք՝ երեւի մեկ շաբաթվա ընթացքում կամ 10 օրվա մեջ պետք է լուծվի այդ հարցը, այլապես շատ գործընթացներ հնարավոր չի լինի կազմակերպել: Այնպես որ, հորդորում եմ միջազգային դոնորներին ու ՀՀ իշխանություններին՝ արագ լուծումներ գտնել»: Ըստ նրա՝ սա ընդդիմություն-իշխանությունը հարց չէ, սա պետության հարցն է. «Քանի որ բոլորը գտնում են, որ սա կնպաստի ազատ, արդար ընտրությունների անցկացմանը, ուրեմն մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Մենք՝ ընդդիմությունը, այդ ուղղությամբ անկեղծ աշխատում է: Ես վստահ եմ՝ եթե իշխանությունը նույնքան հետեւողական միանա այդ գործին, հարցը կարելի է համարել լուծված»: Ի դեպ, եթե այդ գումարներն ամբողջությամբ ձեռք չբերվեն, ապա ԸՕ վերջին փոփոխությունները, որոնք 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնություններն են եւ ներառում են ընդդիմության եւ քաղհասարակության 5 սկզբունքային առաջարկներից 4-ը, ուղղակի չեն գործի: «Այդպես է օրենքը գրված, որը մենք համարում ենք լուրջ թերություն, ուղղակի ուրիշ տարբերակ իշխանությունը չէր առաջարկում, եւ մենք կողմ քվեարկեցինք, քանի որ սա ինչ-որ մի դուռ է, որ միջոցներ գտնվելու դեպքում՝ կիրագործվի»,- վստահեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: