Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա պիտի ամբողջ օրը հայտարարե՞նք՝ ինչ ենք անում. նախարարը՝ վարչապետին

Քաղաքականություն
artik6

Գործադիր մարմինն այսօր  Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ՝ Արթիկ համայնքում հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների նորոգման եւ բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Ըստ նախագծի՝ 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, 2 միլիոն 430 հազար դրամն էլ կտրամադրվի հեղեղումների հետևանքով սատկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելուն: «Արթիկ քաղաքում բնականոն գործունեությունը հիմնականում վերականգնվել է: Բացված հեղեղատարը նույնպես վերականգնվել է: Ջրամատակարարումը քաղաքում վերականգնված է, բացի մի փոքր հատվածից, բայց այդ հատվածում քաղաքապետարանը հատուկ ռետինե խողովակներով ջուր է մատուցում: 8-10 ընտանիք չունի էլեկտրականություն, բայց գործընթացը  շարունակվում է: Նախարարության ներկայացուցիչները տեղում են աշխատում: Փոխնախարարը լինելու է այնտեղ` մինչև աշխատանքները ավարտվեն»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհեց, որ կատարված աշխատանքների մասին  հավուր պատշաճի չի ներկայացվում, ինչն էլ շահարկումների առիթ է դառնում: Նախարարը չհամաձայնեց վարչապետի հետ. «Պարոն վարչապետ, դուք հաջորդ օրն եք եկել դեպքից, ես ամբողջ գիշեր այնտեղ եմ եղել: Աշխատանքներն ամեն օր կատարվել են, հիմա ամբողջ օրը մենք պիտի հայտարարենք` ի՞նչ ենք անում»,-  հակադարձեց Դավիթ Լոքյանը: Վարչապետը լսեց, բայց միեւնույն է, պնդեց իր ասածը՝ պետք ներկայացնել, թե ինչ աշխատանք է կատարվել։ Ըստ նրա՝ դա կապահովի գործընթացի թափանցիկություն: