«Ռուսական ՀՕՊ-ը ադրբեջանական ինքնաթիռ չի խոցի»
ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, դիմելով Պաշտպանության փոխնախարարին, ասաց. «Եթե դու հավաստիացնում եք, որ իսկապես սա անվնաս է ու օգուտ է ՀՀ-ին, ես դեմ չեմ»: Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Արա Նազարյանին հիշեցրեց, որ ՀՀ ՀՕՊ ղեկավարն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ մենք առայժմ չունենք կործանիչ ավիացիա. «Ինչո՞ւ 25 տարվա մեջ մենք չունենք այդ համակարգերը: Նաեւ դուք հիմա ուղիղ եք ասում, որ ՌԴ-ն ունի կործանիչ, ՀՕՊ համակարգեր ու անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն դրանք: Հիմա, եթե ՀՀ ՀՕՊ-ից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալ, իսկ ՌԴ-ից հակառակ հրամանը, այդ ինքնաթիռներն, ի վերջո, օդ կբարձրանա՞ն, թե ոչ»: Արա Նազարյանը, պատասխանելով առաջին հարցին, ասաց, որ նման համակարգեր ունենալը հնարավորությունների խնդիր է պետության համար՝ ըստ առաջնահերթությունների. «Եթե հնարավորություններ լինեին, կունենայինք: Իսկ երկրորդ հարց վերաբերյալ ասեմ, որ նշված գործընթացները չեն կարգավորվում միայն հրամաններ տալով. դրա համար կան համապատասխան փաստաթղթեր, կիրառման պլաններ, թե որ դեպքերում դրանք կկիրառվեն»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հերթական անգամ ուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին հիշեցնել, որ նրանց պարտականությունը պետության հնարավորությունները մեծացնելն է. «Քառօրյա պատերազմից հետո չկա որեւէ ազդակ, որ դուք այդ ծառայությունը կատարել եք: Պարզ ասեք, որ ռուսական ռազմաբազայի ՀՕՊ-ը ադրբեջանական ինքնաթիռ չի խոցելու, այլ դրանք նախատեսված են 4-րդ, 5-րդ համաշխարհային պատերազմների դեպքում, որտեղ ՀՀ-ն ոչ մի հետաքրքրություն չունի»: Ի պատասխան Արա Նազարյանը խուսափեց պատասխանից. «Ձեր հարցը չհասկացա, քանի որ տարբեր բեւեռներ գնացիք: Նստած տեղից նենց ռեւերանսներ եք անում»: