«Սեֆիլյանին մեկուսացրին՝ Հռոմի Պապի այցի ժամանակ ակցիա չանելու համար» (տեսանյութ)
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը համոզված է՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացրին Հռոմի Պապի այցի ժամանակ որեւէ ակցիա չանելու համար: Ըստ նրա՝ այս գործը շինծու է եւ հորինած: « Ինչ- որ կմկմացող վկաներ, վկայություններ, որոնք ոչ տրամաբանության եւ ոչ էլ սարքված գործի համատեքստում չեն տեղավորվում: Գործող իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ ինքը բանսարկու է, ինչ- որ մի պահի, երբ հարմար է համարում, սկսում է գործեր սարքել, մարդկանց մեկուսացնել: Որոշ դեպքերում էլ դատել, փակել, մինչեւ կամ մեր վերջը կգա կամ իր, չգիտեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Լեւոն Բարսեղյանը: Ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի՝ օկուպացիոն ռեժիմը չի հրաժարվում իր բռնած դիրքից: Դրա վերջին ապացույցն էլ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին Գյումրիից առեւանգելն էր: Շահենը Հռոմի Պապին ցանկացել էր ցույց տալ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Շահենին ոստիկանությունը տվել է վերջին նախազգուշացումը, հակառակ դեպքում պայմանական ազատազրկումը կարող է փոխվել կալանքով: «Ռեժիմի երազանքը սա է, ակնհայտ է, որ Շահենը միամիտ չէ, ակնհայտ է, որ շատ լավ գիտի արտահայտման գործիքակազմը, քրեական հանցագործություն իրեն կպցնելն անհնար է, բաց իշխանությունը կպցրել է դա եւ կշարունակի ահաբեկել: Բայց իշխանությունը երեւի հաշվի չի առնում Շահենի ծագումնաբանությունը, պապին հաշվի չի առնում, հորը հաշվի չի առնում: Հնարավոր չէ այդ երեխային լռեցնել»,- ավելացրեց Լեւոն Բաղդասարյանը: Նա ոստիկանությանը հիշեցնում է, որ հանցագործները հանգիստ թափառում են ազատության մեջ, իսկ պաստառ պարզողին տանում են ոստիկանության բաժին: «Այստեղ ոստիկանությունը իր կացնային մեթոդներով է առաջնորդվում: Ռեժիմի պահապան թիկնազորը, այսպես ասենք: Ասենք բոլորին հավաքեցիք, լցրեցիք ոստիկանատները, հետո պահպանո՞ւմ եք ռեժիմը»,- եզրափակեց Լեւոն Բարսեղյանը: