Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2016-ում ամենաակտիվը Պորտուգալիայի հավաքականն է

Սպորտ
sport-evrofutbol-2

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլ մտած հավաքականներից ամենակոշտ եւ կոպիտ խաղ ցուցադրում է Իտալիայի ընտրանին: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խմբային փուլի երեք հանդիպումներում իտալացի ֆուտբոլիստները խաղի կանոնները խախտել են 49 անգամ: Նրանցից երեք խախտումով հետ են մնում հունգարացիները: Խմբային փուլում բոլորից շատ տուժել են Լեհաստանի ֆուտբոլիստները, որոնց հետ պայքարում մրցակիցները 46 անգամ խախտել են խաղի կանոնները: Գնդակին բոլորից շատ տիրել է Գերմանիայի հավաքականը՝ 65 տոկոս: Դրան հաջորդում են Իսպանիայի եւ Պորտուգալիայի թիմերը՝ 61-ական տոկոս: Եվրոպայի գործող չեմպիոնները՝ իսպանացիները, լավագույնն են ճշգրիտ փոխանցումներ կատարելու մեջ՝ 93 տոկոս: Նրանցից քիչ են հետ մնում գերմանացիներն ու շվեյցարացիները՝ 91 եւ 90 տոկոս: Խմբային փուլում մրցակիցների դարպասին հաճախակի սպառնացել են պորտուգալացիները, որոնք կատարել են 50 հարված, իրացրել 30 անկյունային հարված: Դարպասի գրավման ժամանակ մարզական բախտը հաճախ երես է թեքել ֆրանսիացի ֆուտբոլիստներից, որոնց հարվածներից հետո գնդակը չորս անգամ դիպել է դարպասաձողին: Հաջորդ երկու տեղերում են Գերմանիան ու Խորվաթիան՝ 3-ական: Խմբային փուլում առաջնության ամենակայուն հավաքականներն են Հունգարիայի, Ուելսի, Իսպանիայի, Խորվաթիայի եւ Իսլանդիայի ընտրանիները, որոնք յուրաքանչյուր խաղում գրավել են մրցակիցների դարպասը: Ընդհանուր առմամբ առաջնության արդյունավետությունը բավական ցածր է եղել՝ մեկ խաղում 1,91 գնդակ: Այս ցուցանիշով Եվրո-2016-ը զիջում է անգամ 1980թ ամենաանարդյունավետ առաջնությանը՝ միջինը 1,93 գոլ: