Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող է Հռոմի պապը գալիս է մեր լվացքը տեսնելու»

Հասարակություն
levon-barseghyan

Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ահազանգում է, որ Հռոմի Պապի այցով պայմանավորված՝ անհայտ անձիք մտնում են մարդկանց տներն ու հրահանգում նրանց պատուհանից լվացք չփռել եւ դուրս չնայել: «Ա1+»-ի հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը նշեց, թե հիմնականում մտնում են այն փողոցների շենքերն ու տները, որոնցով անցնելու է Պապը. «Ձեռ են արել իրենց արդեն, այս աստիճան հիմարության են հասել, որ առանց ներկայանալու խիստ տոնով կարգադրում են մարդկանց՝ ինչպես շարժվել սեփական տանը»: Ավագանու անդամի խոսքով՝ լվացք փռելը մտնում է սեփականության իրավունքի մեջ, այն սահմանադրորեն եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանված է, սակայն շատ մարդիկ, հիմնականում՝ միջին եւ ավագ տարիքի, ովքեր ապրել են Խորհրդային ժամանակաշրջանում, վախենալով՝ ենթարկվում են: Լեւոն Բարսեղյանը դժվարացավ ասել, թե ձեռնարկված միջոցառումները ինչին են միտված՝ անվտանգության, թե պարզապես էսթետիկական կողմի ապահովմանը. «Չգիտես, թե ինչ ուղեղով են շարժվում: Կարող է Հռոմի պապը գալիս է մեր լվացքը տեսնելու, իրեն հարցրե՞լ են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ սա առաջին դեպքը չէ: 2013 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախօրեին գյումրեցիների բնակարանների դռներին նմանատիպ հորդորով հայտարարություններ էին փակցրել: