Ռուսաստանը ստիպել է Ադրբեջանին նահանջել (տեսանյութ)
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը տպավորություն է ստացել, որ Ռուսաստանը ստիպել է Ադրբեջանին նահանջել. «Որովհետեւ շփման գծում հատուկ սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանը միշտ բացասական վերաբերմունք ուներ, իսկ հիմա տվել է իր համաձայնությունը, թեեւ դիտորդների թիվը չի կարող այնքան լինել, որ արձանագրի հրադադարի բոլոր խախտումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Հարցին, թե Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունը կարո՞ղ է կանխել հնարավոր պատերազմը, քաղաքագետը պատասխանեց. «Ադրբեջանի նկատմամբ ճնշումը դեռ թարմ է, բայց ոչ ոք չի կարող ասել, որ սա արգելք կդառնա Ադրբեջանի համար պատերազմ սկսելու հարցում»: Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ ՌԴ-ն փորձում է շահել Ադրբեջանի համակրանքը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա: «Նրան ձեռք չի տալիս, որ Ադրբեջանը կանգնի Թուրքիայի կողքին, այդ իսկ պատճառով Մոսկվան սկսել է սիրախաղերի մի շարք, սիրախաղի մեջ է Բաքվի հետ»,-նշեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել նաեւ Հայաստանը: