Ժիրայր Սեֆիլյանը ցուցմունք չի տալիս. նա առերեսվել է
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ: «Եղել է գեղեցիկ բեմադրություն: Այն ինչ- որ տվյալ անձը առերեսման համար ասաց, բառացի անհեթեթություն է»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Ելնելով նախաքննական գաղտնիքից՝ պարոն Զաքարյանը մանրամասներ չներկայացրեց. «Մի բան ակնհայտ երեւում էր, որ նա կոնկրետ այդպիսին պատրաստված էր եւ նպատակ է հետապնդում ուղղակիորեն Ժիրայր Սեֆիլյանին մեղադրել ինչ- որ հանցագործության կատարման մեջ»: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը որեւէ ցուցմունք չի տվել եւ պարզաբանում էլ չի ցանկանում տալ. «Վարույթն իրականացնող մարմինը ըստ պարոն Սեֆիլյանի եւ պաշտպանական կողմի ոչ թե քայլեր է ձեռնարկում ենթադրյալ հանցագործությունը պարզելու ուղղությամբ, այլ ուղղակի կատարում է իշխանության կողմից տրված հերթական պատվերը, այդ պատճառով որեւէ ասելիք չկա»,- նշեց պաշտպանը: Երեկ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանն այս ամենը անհեթեթություն է որակում եւ իշխանության կողմից նախապես մշակված սցենար: