Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվեց
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցուցակում: Ինչպես տեղեկացնում է ԾՄՖ-ի պաշտոնական կայքը, 2008 թվականի օլիմպիական խաղերում հայ մարզուհու դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ ստանոզոլոլ: Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է եւ չի կարող մասնակցել առաջիկա մրցաշարերին: Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին այդ առիթով հայտնեց, որ սույն հարցում վերջնական որոշում կկայացնեն Միջազգային օլիմպիական կոմիտեն ու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան միասին՝ գործն ուսումնասիրելուց հետո: Դրա վերջնաժամկետը հուլիսի 17-ն է, որից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք Հռիփսիմե Խուրշուդյանը կմասնակցի Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին, թե, այնուամենայնիվ, ստիպված կլինի բաց թողնելու այն: