Իրականում էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ. տնտեսագետ (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազումը կարող է արդյունքում դառնալ սակագնի բարձրացում՝ կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը. «Եթե սուբսիդավորումն այլեւս չլինի, բնակչության մի ստվար զանգված, փաստորեն, ավել կվճարի, ու կստացվի, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է»: Այնուամենայնիվ, սակագնի իջեցման թիվը որոշելիս,տնտեսագետի կարծիքով, տեղի է ունեցել շահերի բախում. «Կոմպրոմիսի արդյունք է այդ 2.50 դրամը, ոչ թե իրական ցուցանիշը, որը կարող էր իջնել: Ընկերությունը, բնականաբար, ուզում է շահույթ ունենալ, իսկ ՀԾԿՀ-ն ուզում է կարգավորել գինը»: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է՝ երբ մի քանի տարի առաջ սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, հիմնավորումները եղան, որ ՀԷՑ-ը ունի պարտքեր. «Այսինքն, երբ այդ պարտքերը մարվեին, պետք է սակագինը նույնքան իջներ, սակայն տարեցտարի այն ավելի բարձրացավ: Հիմա էլ իջնում է, բայց դա նույն չափով չի իջնում»: Ըստ պարոն Խաչատրյանի՝ այս նվազեցումը էական ազդեցություն չի ունենա ո՛չ տնտեսության, ոչ էլ սպառողի սոցիալական վիճակի վրա: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը համամիտ է՝ տնային տնտեսությունները, հատկապես, ձմռանը ոչ մի փոփոխություն չեն զգա, այնինչ նրանք մեկ տարի, փաստացի, մարեցին ՀԷՑ-ի պարտքերը. «Սպառողները, լուման լումայի վրա, այդ պարտքը մարեցին, որն ինքը պետք է չաներ, իսկ այդ պարտքը փնթի տնտեսվարման արդյունք էր»: Սակագինը, ըստ տնտեսագետի, կարող էր ավելի շատ նվազել. «Եթե ջենթլմենական պայմանավորվածությունը կատարվեր, ապա պետք է ավելի շատ իջներ սակագինը: Բայց ես կարծում եմ՝ սուբսիդավորման գոնե մի մասը պետք է պահպանվի: Դեռ չեն ասել՝ հանելու են, թե՝ ոչ»: Անդրադառնալով նախորդ տարի էլեկտրիկ Երեւանի ակցիաներին՝ Վահագն Խաչատրյանը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գնահատական տվեց. «Իրականում այդ պայքարը եղավ սակագինը բարձրացնելու եւ այն պահպանելու համար, նաեւ խնդիր կար սեփականատիրոջը փոխել: Նրանք հասան դրան»: Տնտեսագետները չեն կարծում նաեւ, թե մոտ ժամանակներում էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կարող է նվազել: