Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ. ԲՀԿ-ն ձեռնպահ է (տեսանյութ)

Քաղաքականություն
assembly-azh

68 կողմ, 21 դեմ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը։ Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը քվեարկության է ներկայացվել առանց ազդեցության գրանցման. «Փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ազդեցություն չի անցել և առաջարկում եմ այն հանել քվեարկությունից»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ օրենքի խախտում չկա և վերապահումների վերաբերյալ հետագայում կարելի է խոսել։ Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ առաջին ընթերցմամբ Հարկային օրենսգիրքը ընդունելով՝ կարելի կլինի ասել, թե լուրջ աշխատանք այլևս չի լինելու այն բարելավելու համար։ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանն էլ խոսեց իր ու 3 կուսակիցների անունից. «Մենք համարում ենք անընդունելի այս օրենքի ընդունումը»։ «Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ զարմանք արտահայտեց իշխանության ներկայացուցիչների այն պնդումների կապակցությամբ, թե հիմա ընդունելով ներկայացված փաստաթուղթը՝ Հարկային օրենսգրքում հետագայում փոփոխություններ կարվեն։ Հարկային օրենսգրքի առաջարկված տարբերակին դեմ արտահայտվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Նրա գնահատմամբ՝ նման փաստաթղթի վերաբերյալ կարիք կա ավելի երկար քննարկումների։ Այս օրենսգիրքն ընդունելու պարագայում թանկանալու է գազը, դիզելային վառելիքը։ Հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա համար ևս զարմանալի էր նման կարևոր փաստաթուղթը հապճեպորեն քվեարկության դնելը ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ձեռնպահ են, քանի որ տարբեր տեսակետներ կան հարցի վերաբերյալ՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, լսելով հնչող տեսակետներն ու առաջարկները, ոչ մի խանգարող հանգամանք չտեսավ՝ Հարկային նոր օրենսգիրքն ընդունել առաջին ընթերցմամբ՝ առկա մտահոգություններն էլ քննարկել երկրորդ ընթերցման ժամանակ։ ՀՀԿ-ն կողմ էր փաստաթղթին։