84-ամյա շախմատիստը խոստովանում է
ՖԻԴԵ-ի վարպետ Ստանիսլավ Ժելեզնին 15-րդ անգամ մասնակցում է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությանը. «Առաջին մրցաշարը բաց եմ թողել անտեղյակ լինելու պատճառով: Դրանից հետո մասնակցել եմ բոլոր առաջնություններին: Սակայն ես երկրորդն եմ այդ ցուցանիշով, քանի որ իմ վաղեմի մրցակից Բորիս Գուզմանը հանդես է եկել բոլոր 16 մրցաշարերում», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց ռուսաստանցի շախմատիստը, որն այս օրերին մասնակցում է Երեւանում տեղի ունեցող վետերանների հերթական առաջնությանը: Հարկ է նշել, որ 84-ամյա վարպետն առաջին անգամ է գտնվում Հայաստանում. «Սա առաջին դեպքն է, որ վետերանների առաջնությունն անցկացվում է խոշոր քաղաքում: Առաջին տպավորություններս Երեւանից շատ դրական են: Մենք մնում ենք բարձրակարգ հյուրանոցում, որտեղ անչափ որակյալ է սնունդը: Բոլորը բավական բարեհամբույր են վերաբերվում հյուրերին: Միակ բացն այն է, որ հանգստանալու մեծ հնարավորություն չունենք: Վետերանների առաջնությունները հիմնականում անցկացնում են կուրորտային քաղաքներում, որտեղ տարեց շախմատիստները միաժամանակ անցկացնում իրենց հանգիստը», - ասաց նա: Քանի որ մեր զրույցը տեղի էր ունենում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանի մոտ, Ստանիսլավ Ժելեզնին ինքնաբերաբար հիշեց նաեւ հայազգի շախմատիստին. «Ես չեմ մրցել Տիգրան Վարդանիչի հետ, բայց բախտ եմ ունեցել նրա հետ հանդես գալ նույն մրցաշարում: Մինչեւ հիմա չեմ մոռանում նրա խորհուրդներից մեկը. «Պարտվելուց հետո հարկավոր է մտածել ոչ-ոքիի, այլ ոչ թե ռեւանշի մասին»: Նա, իրոք, մեծ շախմատիստ էր ու անզուգական տակտիկ», - զրույցի վերջում ասաց Ստանիսլավ Ժելեզնին, որը միաժամանակ զբաղվում է շախմատային լրագրությամբ: