ՆԱՏՕ-ի վեհաժողովում խոսվել է նաեւ ՀՀ կողմից միջուկային զենքի կիրառման մասին
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մայիսի 28-30-ը մասնակցել է Տիրանայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Ի դեպ, պատվիրակությունը համալրվել է նոր անդամով՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյան: Իր խոսքում նա նշեց, որ վեհաժողովում Ադրբեջանը կրկին ագրեսիվ դրսեւորումներ ունեցավ ու իրենք կարողացան հավուր պատշաճի պատասխան տալ. «Մենք իսկապես ցույց տվեցինք, որ Ալիեւի իշխանությունը միտված է իր ժողովրդի ուշադրությունը երկրի սոցիալական ներքին հարցերից շեղելու համար ագրեսիա ծավալելու շփման գծում: Մենք մշտապես ադրբեջանական ագրեսիային պատրաստ ենք դիմակայել»: Իսկ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրավոր դիմել էր հայկական եւ ադրբեջանական կողմերին՝ այս նիստին ապրիլյան քառօրյա պատերազմի խնդիրը քննարկման թեմա դարձնելու համար. «Ադրբեջանցիները դեմ չեն եղել: Քաղաքական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ հայկական ու ադրբեջանական պատվիրակություններին հնարավորություն է տրվելու համապատասխան հայտարարություններով հանդես գալ: Ես մեր դիրքորոշումը հայտնեցի, որ մենք նպատակահարմար չենք գտնում՝ այստեղ քննարկելու հարցը, սակայն նշվեց, որ արդեն հաստատվել է օրակարգը. հանձնաժողովի նախագահը նպատակահարմար գտավ, որ պետք է լինեն երկկողմ հայտարարություններ»: Նրա պատմելով՝ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչն իր հայտարարության մեջ կրկին հնչեցրեց նույն մեղադրանքները՝ ՀՀ-ն օկուպացրել է իրենց տարածքները, ապրիլյան պատերազմը սանձազերծել է հայկական կողմը. «Դրա հետ կապված արձագանքեցին ու հենց այդ տրամաբանության մեջ ես կազմեցի իմ հայտարարությունը՝ հստակ փաստերով նշելով, թե ով է իրականում սանձազերծել պատերազմը: Հիշատակվեց նաեւ Ռամիլ Սաֆարովի դեպքը եւ եղավ համապատասխան արձագանք»: Վեհաժողովի ժամանակ խոսվել է նաեւ ՀՀ կողմից միջուկային զենքի կիրառման մասին, եւ Ադրբեջանը փորձեց օգտագործել այդ փաստը: Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ իրենք վերահաստատել են ՀՀ կամքը, որ մենք ռազմական լուծում չենք տեսնում ԼՂ հակամարտության հարցում. «Հիշատակվել է նաեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Կարծում ենք՝ ՆԱՏՕ-ն հետեւողական կլինի: Այս հայտարարությունները հնչեցելուց հետո լարված իրավիճակ ստեղծվեց. ադրբեջանցիներից մեկը փորձ արեց նորից անդրադառնալ ԼՂ հակամարտությանը: Դա վրդովմունք հարուցեց վեհաժողովի մյուս մասնակիցների շրջանում, քանի որ հարցն, ըստ էության, քննարկվել էր: Ավելի ուշ, նույն հանձնաժողովում, երբ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ մեր մոտեցումներն էինք հայտնում, անմիջապես հաջորդեց Ադրբեջանի ներկայացուցչի հարցը՝ կրկին ԼՂ հակամարտության մասին, որը թեմայից դուրս էր: Վեհաժողովի անդամները ընդհատեցին երկու կողմին էլ»: