«Սիրիահայ երեխայի խնդիրները հաճախ կարող ենք չհասկանալ» (տեսանյութ)
Save The Children կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ համատեղ, այսօր իրականացրեց Երեխայի առաջնորդության համաժողովը: Համաժողովի թեման էր «Սիրիայից տեղահանված երեխաների եւ նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում» ծրագիրը, որի հիմքում արտադպրոցական հանդիպումներ են եղել: Save The Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը, ամփոփելով համաժողովը, «Ա1+» -ի հետ զրույցում նշեց, որ սիրիահայ երեխաները ունեն այնպիսի խնդիրներ, որոնք հաճախ մենք չենք կարող հասկանալ. «Երբ մեծերին հարցնում ես՝ ինչ խնդիրներ ունեն, նրանք նշում են զբաղվածությունը կամ բնակարանի հարցը, բայց երեխաներն այնպիսի բաներ են նշում, որոնք մենք հաճախ չենք մտածել, որ կարեւոր կլինեն. օրինակ, երաժշտական կրթություն ստանալու կամ իր հասակակիցների հետ ավելի շատ շփվելու հնարավորությունը»,-նշեց նա՝ հավելելով, որ որոշ ծնողներ վերհանել են նաեւ հոգեբանական աջակցության խնդիրը: «Այն երեխաները, որոնք ավելի ուշ են եկել, պատերազմ են տեսել, իրենց համար բավականին բարդ է սթրեսի հաղթահարումը: Իրենք հնարավոր է չխոսեն, նույնիսկ չգիտակցեն, որ նման խնդիր ունեն, բայց մենք տեսնում ենք, ծնողները տեսնում են»,-ասաց Արսեն Ստեփանյանը: «Երեխան երեխայի համար» արտադասարանական հանդիպումները կազմակերպվել են Երեւանի չորս դպրոցներում՝ Ալ. Շիրվանզադեի անվան ԹԻՎ 21, Ն. Ստեփանյանի անվան թիվ 71, Ե. Չարենցի անվան թիվ 67 եւ Նար-Դոսի անվան թիվ 14: