«ԼՂՀ ներգրավման համար բավարար ջանքեր չեն գործադրվում» (տեսանյութ)
ԱԺ լիագումար նիստին այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կոչ արեց ողջունել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը եւ առաջարկեց հետագայում հորդորել նաեւ մյուս պետություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Բոլորիդ անունից ես ճիշտ ժամանակին շնորհավորել եմ»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչել, որոնցից կարելի է ենթադրել, որ ՀՀ կողմից բավարար ջանք չի գործադրվում հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ն՝ որպես երրորդ կողմ ներգրավելու համար. «Անցած շաբաթ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում որոշվեց փակ ֆորմատով քննարկում կազմակերպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները ներկայացնեն ապացույցներ, որ ՀՀ-ն բավարար ջանքեր է գործադրում՝ ԼՂՀ-ն բանակցություններում ներգրավելու համար: Այս հայտարարությունն անում եմ՝ հանրության ուշադրությունը կենտրոնացնելու համար այս հարցի շուրջ: Անընդունելի է, որ ՀՀ որեւէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի որեւէ հարց՝ առանց ԼՂՀ ներկայացուցչի մասնակցության»: «Այդ բոլոր հարցերը լուրջ քննարկվել են, ընկել է մամուլ: Եթե գտնում եք, որ կա հարց, որ չի լուծվել, ապա դիմեք համապատասխան հանձնաժողով, ու ով պետք է, կհրավիրվի հանձնաժողով՝ քննարկման»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: