ՄԻԵԴ վճռով Ադրբեջանը կփոխհատուցի Լեյլա և Արիֆ Յունուսովներին
Ադրբեջանը 17 000 եվրո կվճարի Լեյլա և Արիֆ Յունուսով ամուսիներից յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի ու ծախսերի փոխհատուցում։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակած վճռում նշում է, որ Լեյլա Յունուսովան անազատության առաջին ամիսներին բժշկական քննության չի ենթարկվել, չնայած հանգամանքին, որ տառապում է հեպատիտ C-ով։ Բացի այդ, ըստ ՄԻԵԴ-ի, ամուսիններին կալանավայրում բժշկական օգնություն ցուցաբերվել է ոչ թե պետության կողմից, այլ ընկերների օգնությամբ։ Վճռում նաև ասվում է, որ ադրբեջանական կառավարությունն անկարող է եղել Դատարանին տեղեկատվություն ներկայացնել այն մասին, թե ամուսիններին անհրաժեշտ բուժում է տրամադրել։ Եվրադատարանը գտել է, որ ոչ պատշաճ բուժման արդյունքում Յունուսով ամուսինները ենթարկվել են երկարատև հոգեբանական և ֆիզիկական տառապանքի, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչը Մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է։ Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսովային դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսովներին՝ 7 տարվա ազատազրկման: Ամուսինները մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց Արիֆ Յունուսվի խափանման միջոցը՝ երկրից դուրս չգալու ստորագրությամբ։ 2015-ի դեկտեմբերի 9-ին էլ նույն դատարանի կողմից Լեյլա Յունուսովայի խափանման միջոցը փոխվեց՝ 8,5 տարվա ազատազրկումը փոխարինելով 5 տարվա պայմանական ազատազրկման։