«Եթե 500 հայ հայտնվի Ադրբեջանի տիրապետության տակ, իրենց էլ կկոտորեն» (տեսանյութ)
Խորհրդային Ադրբեջանում 660.000 հայ է բնակվել, սակայն այսօր նրանց իրավունքների վերականգնման մասին հայկական իշխանությունները չեն բարձրաձայնում։ Այդ մասին այսօր «Մոդուս վիվենդի» կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ նշեց Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի ներկայացուցիչ Մարիամ Ավագյանը։ «Մեր իշխանություններն առաջին օրից ենթարկվել են արտաքին ուժերի ճնշմանը և ամեն ինչ արել են, որ նրանց նատուրալիզացնեն։ Նրանց ձեռքից սպառնալիքով վերցրել են նախկին անձնագրերը և դրա փոխարեն տվել ՀՀ քաղաքացիություն»,-ասաց նա։ Այս համատեքստում տիկին Ավագյանն անդրադարձավ նաև մադրիդյան սկզբունքներին. «Այնտեղ որևէ բառ Ադրբեջանի ԽՍՀ կազմում ապրած հայերի իրավունքների մասին չկա»։ Նախիջևանագետ Արգամ Այվազյանն էլ նշեց. «Ավելի քան 27.000 հայկական հուշարձաններ, վանքեր, եկեղեցիներ հիմնահատակ ավերվեցին և Հայաստանը հետամուտ չեղավ և չկարողացավ դատապարտել Ադրբեջանի վանդալիզմ քաղաքականությունը»։ «Ադրբեջանի հայության մեջ է մտնում նաև Նախիջևանի հայությունը։ Թեկուզ այն երեք հազարը, որը 1988 թվականին կար։ Ադրբեջանի համար քաղաքական լուծում է հանդիսանում ամենաբարձր կարգի ինքնավարությունն Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանն ուներ ամենաբարձր ինքնավարությունը. նա ինքնավար պետություն էր։ Եվ դա հայկական ինքնավարությունն էր Ադրբեջանի ենթակայության տակ։ Այսօր չեն սպանում հայերին, որովհետև չկան պարզապես այնտեղ։ Եթե հանկարծ 500 հայ հայտնվի Ադրբեջանի տիրապետության տակ, իրենց էլ կկոտորեն»,-ասաց «Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Բանախոսները շեշտեցին նաև, որ Ադրբեջանի ԽՍՀ-ում բնակված 660.000 հայությունն ունի ոչ միայն գույքային, այլև տարածքային իրավունքներ։ Եվ Արցախը պետք է բարձրացնի այդ հարցը։