Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը մտել է եզրափակիչ
Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում առաջինը պայքարի մեջ մտան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը հանդես եկավ բազմամարտում, վաստակեց 77,765 միավոր եւ զբաղեցրեց 28-րդ տեղը: Նա դուրս մնաց հետագա պայքարից: Սակայն Արթուր Ավետիսյանը օղաների վրա վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը եւ մտել է եզրափակիչ: Մեդալների համար պայքարում նա հիմնականում կմրցի գերմանացի եւ ռուսաստանցի մարմնամարզիկների հետ: Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս լրիվ կազմով եւ առաջին անգամ մասնակցում է թիմային մրցաշարին: Այսօր մեր մարմնամարզիկները՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը եւ Արմեն Պետրոսյանը, պայքարը կսկսեն ազատ վարժությունով: