Արթուր Աղաբեկյանը մտադիր է լքել ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է լքել պաշտոնը։ Այս մասին նա հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»: «Ոչ մի տեղեկություն չունեմ։ Դա, հավանաբար, իր անձնական որոշումն է»,-մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞վ է պայմանավորված ԼՂՀ փոխվարչապետի այս գրառումը, նշեց ԼՂՀ կառավարության մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Դիտարկմանը, թե այժմ ՀՀ կառավարությունում օպտիմալացման ծրագիր կա, որի շրջանակում նախատեսվում են նաև պաշտոնանկություններ, գուցե Արցախո՞ւմ էլ նույնն է, պարոն Բեգլարյանն ասաց. «Չեմ կարծում, թե պարոն Աղաբեկյանի այդ որոշումը որևէ օպտիմալացման հետ կապ ունի»։ ԼՂՀ կառավարության խոսնակը նշեց նաև, որ դեռևս վաղ է քննարկել, թե ով կարող է փոխարինել Արթուր Աղաբեկյանին փոխվարչապետի պաշտոնում։