«Ադրբեջանը ձգտում է իրավիճակ փոխել նաեւ դիվանագիտական ճակատում» (տեսանյութ)
«Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ժամանակ շահի՝ տարածաշրջանում իր ռազմական բալանսը վերականգնելու համար». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Առանց դրա հնարավոր չէ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Պատերազմները սկսվում են բալանսի փոփոխության պատճառով եւ ավարտվում են նույնպես բալանսի փոփոխության արձանագրումով: Միջնորդները տեսում են, որ բալանսը փոխված է՝ ի օգուտ Ադրբեջանի, եւ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է մեծ պատերազմով: Փորձելով կանխել այդ մեծ պատերազմը, դրսի ուժերը փորձում են առաջարկներ անել, որոնք կբավարարեն Ադրբեջանին»,-նշեց նա: Քաղաքագետի խոսքով՝ ռազմական ճակատում իրավիճակը փոխելով՝ Ադրբեջանը ձգտում է իրավիճակ փոխել նաեւ դիվանագիտական ճակատում. «Հայաստանը պետք է աշխատի այս երկու ճակատներում: Եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի համար տարածք է, ապա մեզ համար անվտանգության խնդիր է: Եթե կորցնենք Ղարաբաղը, կկորցնենք Զանգեզուրը: Եթե կորցնենք Զանգեզուրը, կդառնանք տարածաշրջանում որպես կույրաղիք երկիր, որովհետեւ այդպիսի փոքր երկիրն ուղղակի չի կարող գոյատեւել»,-ասաց նա: Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները հակված չեն զիջումների գնալ, բայց եթե դրսի ճնշումները մեծ են, ապա կարող են եւ տուրք տալ այդ ճնշումներին. «Որպեսզի դա չլինի, հայ հասարակությունը նույնպես ճնշում պետք է ստեղծի: Նույնիսկ իշխանությանն է շահավետ ուժեղ ճնշման մեխանիզմը, որպեսզի ինքը դրսին փորձի հիմնավորել, որ չի կարող այդ ճնշումների տակ գնալ զիջումների»,-եզրափակեց նա: