Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սամակատ երազողը ճոխ մեքենա ունի հարկատուի հաշվին»

Տնտեսություն
Bostanjyan-Manaseryan-nkar

«Հայաստանը հնարավորություն է ստանում ԵՏՄ կազմում Տիգրան Սարգսյանի օրոք փորձել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավել ձեռնտու կարող են լինել մեզ»,-կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Ըստ նրա՝ մեր երկիրն այսքան ժամանակ փորձել են մեկուսացնել տարածաշրջանում։ «Հայաստանը պետք է նաև պրոակտիվ քաղաքականություն վարի Չինաստանի հետ»,-շեշտեց նա։ Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը նույնպես հույսեր է կապում ԵՏՄ-ի հետ. «Եվրամիության կազմ մտնելու դեպքում մենք մրցակցային առավելություն չէինք ունենա։ Իսկ ԵՏՄ-ի հետ մեր հարաբերությունները մտնում են վճռական փուլ»։ Մետաքսի ճանապարհի վերաբերյալ էլ նշեց. «Մետաքսի ճանապարհին հայերն ունեցել են մեծ առավելություն՝ կապող օղակ լինելու կտրվածքով։ Այդ խոշոր ճանապարհը բացելու պարագայում նորից այդ առաքելությունը եթե հայերը վերցնեն իրենց վրա, կարող ենք օգուտներ ունենալ»։ Խոսելով կառավարության օպտիմալացման, ծախսերի կրճատման ծրագրից, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Եթե համարժեք պատիժ չլինի կոռուպցիա կատարելու դեմ, իսկ դրա լծակներն ունի կառավարությունը, ապա արդյունք չի լինի։ Պորտաբույծների թիվը մեծ է կառավարությունում։ Պետք է հաշվետվություն պահանջել ցանկացած գործուղման համար։ Կադրային քաղաքականության մեջ լուրջ բացթողումներ կան Հայաստանում։ Կրկնում եմ՝ վերին էշելոններում կան պորտաբույծներ։ Սրան պետք է վերջ դրվի»։ Վարդան Բոստանջյանն էլ շեշտեց. «Կարծես թե մենք դարձի ենք գալիս, այլ ելք չունենք։ Փաստորեն, մեր 1 տրիլիոն 400 միլիարդ ծախսային ինստիտուտի պարագայում 20 տոկոսը պետական կառավարման ծախսերն են։ Դանիայում խորհրդարանն ունի մեկ սպասարկող մեքենա։ ՀՀ-ում գիտեք՝ ինչ վիճակ է։ Ինչպե՞ս կարելի է՝ պետական ոլորտում աշխատողը, առավել ևս, երբ փոքր ժամանակ «սամոկատի» համար է երազել, հիմա պետությունը, հարկատուների հաշվին ձեռք բերած մեքենաներով, մարդուն՝ իր ընտանիքի հետ տանում է ամենազանազան տեղեր։ Այնտեղ կան ճոխ ճանապարհորդություններ՝ պետության հաշվին։ Անհարմա՞ր է, չէ՞»։ Պարոն Մանասերյանն էլ խոսեց պետության տված մի մենաշնորհից, որի մասին գրեթե չի խոսվում. «Ոսկերչությունը զարգացնելու համար ազատ գոտու կարգավիճակ տրվեց մեկ ընկերության։ Տասնյակ հազարավոր մանր ու միջին ընկերություններ կան, որոնց չտրվեց։ Մնացածին ստիպում են գալ այդ հովանու ներքո»։