«Անպետք տարածքներ չկան, կան անպետք իշխանություններ» (տեսանյութ)
«Կորցրած տարածքների ազատագրում» նախաձեռնության անդամները կոչ են անում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ համախմբվել ու միասին մեկնել Արցախ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքով՝ Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց կորցրած տարածքների մասին՝ դրանք անպետք անվանելով։ «Անպետք տարածքներ չկան, կան անպետք իշխանություններ, որոնք չեն գիտակցում դրանց գինը։ Մեր զինվորներն իրենց կյանքի գնով պահել են տարածքները, ցավոք, նաեւ կորցրել, եւ այսքանից հետո անբարոյականություն է դրանք անպետք տարածքներ անվանելը»,-նշեց Սանասարյանը։ Ասուլիսին ներկա էր նաեւ նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Շահեն Հարությունյանը, ում խոսքով, եթե հասարակությունը վստահեր Սերժ Սարգսյանին, ապա չէր վրդովվի նրա խոսքերից, այլ կմտածեր, որ եթե նա նման հայտարարություն է անում, ուրեմն մի բան գիտի։ «Կորցրած տարածքների ազատագրում» նախաձեռնության անդամներն առաջիկայում կդիմեն Կոմանդոսին, ինչպես նաեւ արցախյան ազատամարտի մասնակիցներին, որպեսզի վերջիններս համախմբվեն քաղաքացիական եւ քաղաքական հասարակության հետ եւ գործեն միասնաբար։