«Եթե Հայաստանում տասը հարուստ մարդ կա, առնվազն հինգն այստեղ են» (տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կոռուպցիայի վերաբերյալ հարց ուղղեց. «Միջազգային զեկույցներում նշում են, որ կոռուպցիան Հայաստանում էնդեմիկ և համատարած բնույթ է կրում և ներթափանցել է հասարակության բոլոր մակարդակները։ Կոռուպցիայի առումով առավել խոցելի է պետական կառավարման համակարգը, դատական իշխանությունը, ոստիկանությունը։ Մեզ մոտ տարիներ շարունակ կոռուպցիայի համաթիվը մնում է շատ բարձր. մոտ 100-րդ տեղում ենք՝ 170 երկրների շարքում։ Եվ ոչ մի առաջընթաց չկա։ Ի՞նչն է պակասում կառավարությանը՝ ռեալ գործողություններ կատարելու կոռուպցիայի դեմ պայքարում»։ Բացի այդ, պարոն Մանուկյանը հարուստ անձանց անդրադարձավ. «Եթե Հայաստանում տասը հարուստ մարդ կա, որոնք հարստացել են իշխանության ժամանակ, առնվազն հինգն այստեղ նստած են»։ «Դուք պատրաստ չեք քննարկման՝ առանց տեսախցիկների, խոսափողների։ Դա է վատը»,-ի պատասխան հնչեցրեց վարչապետը։ Նա շեշտեց, որ բազմիցս առաջարկել է այս խնդրին միասին փորձել լուծում տալ. «Ես կոնկրետ ձեզ առաջարկում եմ՝ եկեք միասին գործ անենք։ Կոռուպցիան բոլոր ժամանակներում եղել է, բոլոր երկրներում էլ կա, ուղղակի տարբեր աստիճանների են։ Մենք ասում ենք՝ եկեք միասին նստենք, որտեղ օրենքի անհրաժեշտություն կա, օրենք ընդունենք։ Դուք բոլորդ գիտեք, որ կախարդական փայտիկով չի, որ խփենք ու անենք։ Պարոն Զուրաբյանը ժամանակին դա կարողանում էր անել, թող անի, ինչո՞ւ չի անում։ Կա՞ որևէ դեպք, որ քաղաքացին դիմել է, ասել՝ ինձնից փող են ուզել, իշխանությունները չեն գնացել մինչև վերջ, իրավապահ մարմինների կողմից չի եղել համարժեք մոտեցում»,-նշեց պարոն Աբրահամյանը։