Բագրատաշենի անցակետից մեքենաները հետ են ուղարկում

«Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներն այս պահին Բագրատաշենի անցակետից ցանկանում են հետ ուղարկել: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց ընկերության ներկայացուցիչ Անաստաս Սեդրակյանը:
Նրա խոսքերով՝ դիզվառելիքը ներմուծվել է Կրասնոդարից: Մայիսի 1-ից մեքենաները կանգնած են եղել Բագրատաշենի անցակետում:
«Պատճառաբանությունն այն է, որ ուղարկել են լաբորատորիա՝ փորձաքննության, բայց մեզանից ոչ նմուշ են վերցրել, ոչ մի բան: Միասնական մաքսային միության ապրանքից ոչ -ոք իրավունք չունի նմուշ վերցնելու: Եթե ինչ-որ բան այն չէր, ինչու մինչեւ հիմա բաց չէին թողնում: Թողնո՞ւմ էին, որ տույժ-տուգանք գար մեզ վրա եւ հետո նոր հետ ուղարկեին»,- ավելացրեց Անաստաս Սեդրակյանը:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ իրենք մեծ վնասներ ենք կրում.
«Այսպիսի անարխիա է տիրում: Վարորդներին ասել են, դա մոնոպոլիա է, չեք իմանում, որ բերել եք»: