Գուրգեն Եղիազարյանը պաշտպանում է Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանն ու քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանն այսօր անդրադարձան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որով նա կոչ էր անում պայքար սկսել կոռուպցիայի դեմ, իրականացնել կառավարման համակարգի օպտիմալացում եւ տնտեսության զարգացման համար գոտիները ձգել: ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտարարեց, որ վարչապետի հայտարարությունը Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հատարարության շարունակությունն էր. «Ավելորդ հաստիքների, ծախսերի կրճատում, կոռուպցիայի դեմ պայքար, այս ծրագրերը հենց երեկ չեն սկսվել, դրանք տարբեր փուլերում արդեն սկսվել էին: Վարչապետի ելույթը հավաքական, առաջնահերթությունների վերադասավորման օրինակ էր: Այն կամքը, որ եղավ վարչապետի կողմից, պետք է իրագործենք, ու փոփոխությունները պետք է սկսենք հենց կառավարությունից: Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթից հետո կախարդական փայտիկով չպետք է այնպես արվեր, որ միանգամից փոխվեր: Մի ելույթով չէ, որ ամեն ինչ պետք է կարգավորվեր»: Տիկին Մուրադյանը կոչ է անում լինել համբերատար. միանգամից ամեն ինչ չի լինի. «Կոռուպցիան դարերով եկել է ու ընդամենը ձեւերն են փոխվում»: Մեր այն հարցին՝ եթե վարչապետը կառավարման համակարգի օպտիմալացման մասին է խոսում, ինչո՞ւ միավորված նախարարությունները ՀՅԴ կոալիցիայի արդյունքում կրկին տարանջատվեցին։ Տիկին Մուրադյանը համամիտ չէ հարցադրման հետ. դա այդպես պետք է լիներ իրավիճակից ելնելով: Իսկ թե ինչու վարչապետն ինքն իրենից չի սկսում կոռուպցիայի դեմ պայքարը, պատգամավորը պատասխանեց. «Իրենից պետք է հարցնենք, ու նա կասի բազմաթիվ մեթոդներ: Ու նա սկսում է իրենից՝ օպտիմալացնելով կառավարման համակարգը»: Գուրգեն Եղիազարյանին կատարելապես դուր է եկել վարչապետի հայտարարությունը. «Այս հայտարարությունը լրջագույնս եմ համարում, ու մեր նորագույն պատմության մեջ՝ նոնսենս, բաց տեքստով ամեն ինչի մասին խոսվում է վարչապետի մակարդակով: Փոքրիկ ՀՀ-ում մենք գիտենք՝ ինչն ինչպես է տեղի ունենում: Ես հիմա հայտ եմ ներկայացնում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ստուգել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որը մոնոպոլիստ է եւ սահմանի վրա նստած լափում է Վրաստանից ներմուծվող անվադողերը, որոնք ավելի թանկ գներով են վաճառվում ՀՀ-ում, քան Վրաստանում: Ես ողջունում եմ վարչապետի այս համարձակ հայտարարությունը: Մենք հիմա ունենք հրեշավոր թշնամի՝ ոչ այնքան Ադրբեջանը, որքան Արեւմուտքը: Պետք է հիշենք, որ ՀՀ-ն ոչ Ռիոն է, ոչ էլ Հոլանդիան, որ նախարարը աշխատանքի գնա հեծանիվով: Եթե ցանկանում են գործ ունենալ մոնոպոլիստների հետ ու բերել հարկային դաշտ, թող վերցնեն հինգ տարվա բոլոր ելքերն ու մուտքերը, եւ մի ամբողջ ոհմակի կարող են բերել, նստեցնել դատարանում: Ի դեպ, ի տարբերություն շատ մոլախոտերի, վարչապետը տարիներ առաջ արդեն հարուստ էր»: Թե ինչու է հանկարծ պարոն Եղիազարյանը սկսել գովել վարչապետին, նա պատճառաբանեց, թե դա սկսել է դեռ մեկ ու կես տարի առաջ. «Դեռ նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ ասում էի՝ նրան փոխարինողը ավելի վատը չի կարող լինել: Վարչապետի այս հայտարարությունը հսկայական քայլ առաջ եմ համարում: Երբ ստուգումները անցկացվեն, ՀՀԿ-ն թող իմանա՝ վերքը, որ բացվի, ավելի խորն ու թարախակալած է լինելու: Թող իրավապահները ականջալուր լինեն վարչապետի հայտարարությանը ու արդյունքում կառավարման համակարգից հիսուն-վաթսուն տոկոսը կուղարկվեն Նուբարաշեն ՔԿՀ՝ հանգստանալու: Պետք է կուլակաթափ ասվածին գնալ, այն էլ՝ կամավոր»: