Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում բոլոր նախագծերն ընդունվեցին

Քաղաքականություն
arpine1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի սկզբում քվեարկվեցին եւ ընդունվեցին երեկ քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում՝ «Հրազդան ցեմենտ»-ի, «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հարկերի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Իսկ այսօր քննարկվող բոլոր նախագծերի քվեարկությունները, ինչպես տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, տեղի կունենան հաջորդ շաբաթ՝ հերթական քառօրյայի սկզբում: Քվեարկությունից անմիջապես հետո նիստերի դահլիճը սկսեց դատարկվել: «Դահլիճը լքող ու կարեւոր տեղ շտապող պատգամավորներին կոչ եմ անում՝ անաղմուկ լքել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: Այս պահին ԱԺ-ն քննարկում է «Պրոբացիայի պետական ծառայության մասին» նախագիծը: Այն ներկայացնում է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ՝ նախագծում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, եւ այսօր քննարկվում են այդ փոփոխությունները՝ առաջին ընթերցմամբ: Ըստ նրա՝ ավելացվել է այն, որ պրոբացիոն ծառայությունը հաշտարարություն իրականացնող մարմին է դառնալու, իսկ պրոբացիոն ծառայողները՝ քաղաքացիական ծառայողներ, քանի որ նրանց գործառույթների մեջ են մտնելու վերաինտեգրման քայլերը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ այս ծառայությունը կթեթեւացնի ՔԿՀ-ների վիճակը: Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այսպիսով կլուծվի ՔԿՀ-ների հարցը եւ  սոցիալական առումով դատապարտվածներն արագ կինտեգրվեն հասարակությանը: