Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոսպիտալում բուժվող զինվորի ականջի մեջ բեկոր է մնացել

Հասարակություն
bc8fc5e5e3d25f2ff6feecb4608df38f

Ապրիլի 5-ին Թալիշում մղվող մարտերի ժամանակ վիրավորում ստացած 19-ամյա Թելման Մարկոսյանը դեռևս կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։ «Քիչ-քիչ ապաքինվում է։ Բայց էլի վիրահատության կարիք կա. մի ականջն ընդհանրապես չի լսում, բեկոր է մնացել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Թելմանի ազգականը՝ Վովա Տեր-Սահակյանը։ Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե վիրահատությունը երբ կկատարվի։ Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը աչքի, ականջի և ոտքի հատվածում էր վնասվածք ստացել։ Մի քանի վիրահատություն է կատարվել արդեն։ Մեր հարցին ի պատասխան զինվորի ազգականը նշեց, որ նրա տրամադրությունը նորմալ է, կանոնավոր սնվում է։ Թելման Մարկոսյանն անգամ վիրավորված ժամանակ հարազատներին չի ասել, թե ինչ վիճակում է, երբ հեռախոսով խոսել է։ Վովա Տեր-Սահակյանը նշեց, որ Թելմանի ընտանիքը Գյումրիում է բնակվում։ Նրանց միջոցները սուղ են և դժվարությամբ են կարողանում այցելության գալ տղային։ «Իսկ հետագա բուժման համար գումար ընդհանրապես չկա ու չեմ կարծում, որ այդ ամենը հոսպիտալն իր վրա կվերցնի, կկարողանա այդ ամբողջ ծախսը հոգալ»,-ասաց նա։