Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ օմբուդսմենը երդվեց

Քաղաքականություն
7a32376d-8f9f-43c0-8366-8eed263cac63

Մայիսի 5-ին  տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է . «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկը: Օրենքի ընդունումը պայմանավորված է նաև, ԼՂՀ-ում կիրարկման մեջ դրված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին այն համապատասխանացնելու անհրաժեշտությամբ: «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է կենսաթոշակի իրավունքը որոշելիս, նշանակելիս, կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը վերականգնելիս անձի հաշվառման մասին տեղեկատվությունը հաստատել բնակչության պետական ռեգիստրի տվյալներով: Օրենքը նախատեսում է նաև 2016թ.ի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ԶՈւ զինծառայողների կենսաթոշակը հաշվարկելիս, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը  զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով: Օրենքի ընդունումով վերացվում է նաև տարիքային և հաշմանդամության կենսաթոշակները վերահաշվարկելու համար անհրաժեշտ կենսաթոշակը նշանակելուց հետո, անձի աշխատելու նվազագույն ժամանակահատվածին և կենսաթոշակառուի մահվան պատճառով կենսաթոշակի գումարները որպես ժառանգություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին վերաբերող սահմանափակումները: Ազգային ժողովն այնուհետև քննարկել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման օրակարգային հարցը: Գաղտնի քվեարկության արդյունքներով 27 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել ԱԺ պատգամավորների կողմից առաջարկված թեկնածուն՝ Ռուբեն Նորայրի Մելիքյանը: Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ելույթում նշել է, որ իր գործունեության գլխավոր առաջնահերթությունը լինելու է ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին և, ընդհանրապես, Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից տևականորեն իրականացվող հակաիրավական քաղաքականությանը առնչվող հարցերի հետևողականորեն բարձրաձայնումը՝ ակնկալելով համարժեք արձագանք։ «Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ», -նշել է Ռուբեն Մելիքյանը։ Այնուհետև տեղի է ունեցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի երդման արարողությունը: Օրակարգային վերջին հարցը  ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ  Վերահսկիչ պալատի  նախագահ Էռնեստ  Ավանեսյանը: Նիստի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բոլորին շնորհավորել է Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոն օրվա առթիվ: «Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը համախմբվելու եւ միասնական բռունցք դառնալու, ազգային բոլոր երակներով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդելու, հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսևորեց` ամբողջ աշխարհին ցույց տալով սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունն ու կարողությունը»,-իր ելույթում նշել է խորհրդարանի ղեկավարը : Կից ներկայացնում ենք ԼՂՀ ՄԻՊ ծրագիրը և երդման խոսքը Ազգային ժողովի հարգարժան Նախագահ, Հարգարժան պատգամավորներ, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար այն պատգամավորներին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի բարձր պաշտոնում։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ՝ Ձեր առջև կանգնելը Արցախի Օմբուդսմանի թեկնածուի կարգավիճակում։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ կանգնելը հատկապես այս օրերին, երբ Արցախի ժողովրդը հերթական անգամ հաստատակամություն է դրսևորում իր ինքնորոշումը ամրագրելու և երաշխավորելու հարցում, իր անկախ պետականությունը, պապենական Հայրենիքը ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու հարցում։ Դուք տեղյակ եք, որ 2 օր առաջ հանդիպումներ եմ ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացրել եմ իմ կենսագրությունը, իմ պատկերացումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների մասին, բոլոր 5 հանդիպումներն էլ անցել են անմիջական մթնոլորտում, քննարկվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց խոստանում եմ հետամուտ լինել ինձ Արցախի ՄԻՊ-ի բարձր ու պատասխանատու մանդատով օժտելու դեպքում։ Ցանկանում եմ ընդգծել, որ ՄԻՊ-ը պառլամենտական ինստիտուտ է, և արդեն իսկ ձևավորված ավանդույթին հետևելով մտադիր եմ ակտիվ լինել խորհրդարանի հետ աշխատանքում, հատուկ ուշադրություն դարձնել պատգամավորների բարձրացրած հարցերի նկատմամբ՝ Արցախի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ՄԻՊ գործառույթների շրջանակում։ Այստեղ՝ այս բարձր ամբիոնից ցանկանում եմ վերահաստատել, որ ինձ ընտրելու դեպքում ՄԻՊ գլխավոր առաջնահերթությունը լինելու է ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող հարցերը, ընդհանրապես՝ Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից տևականորեն իրականացվող հակաիրավական քաղաքականությանը առնչվող հարցերը։ Արցախի ժողովուրդը Եվրոպական քաղաքակրթության կրողն է՝ իր ուրույն դիմագծով, ուստի չպետք է զրկվի հիմնարար իրավունքներից, դրանք երաշխավորելու հանրաճանաչ իրավական մեխանիզմներից միայն այն պատճառով, որ Արցախի պետականությունը դեռևս չի ստացել միջազգային ճանաչում։ Ինձ վստահության քվե տալու դեպքում ես շարունակելու եմ Արցախի Հանրապետության առաջին օմբուդսմանի քաղաքականությունը՝ ուղղված Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված վայրագությունների և միջազգային իրավունքի այլ խախտումների փաստագրմանը, դրանց իրավական գնահատականներ տալուն, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների հանրայնացմանը և միջազգայնացմանը։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցը՝ ս.թ. արիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագության փաստերի վերաբերյալ, ինչպես նաև միջանկյալ զեկույցին հաջորդած իրավական գնահատականը՝ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի և անխտրական հարձակումների փաստերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների շրջանակներում հետևողականորեն իրականացնելու եմ փաստերի հետագա ուսումնասիրություն՝ վերջնական զեկույց մշակելու և հրապարակելու ուղղությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, հաստատված լինելով աշխարհի ավելի քան 7 տասնյակ պետություններում, տարբեր հանրային հանձնառություններ է իրականացնում։ Սակայն դժվար գտնվի թեկուզ մեկ այլ Օմբուդսման, որը ստիպված լինի զբաղվել այնպիսի սահմռկեցուցիչ փաստերով, ինչպիսիք են, օրինակ, Իսլամական պետության ոճով իրականացվող գլխատումները, հատուկ պաշտպանության ենթակա քաղաքացիական բնակիչների նկատմամբ իրականացված սպանությունները և անդամահատումները։ Ադրբեջանի կողմից իրականացված այս վայրագություններն ակնհայտ մարտահրավեր են ժամանակակից քաղաքակրթության հիմնարար պատկերացումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, և ես շարունակելու եմ հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները՝ ակնկալելով համարժեք արձագանք։ Այս առնչությամբ աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ։ Ճիշտ է, Արցախում մարդու իրավունքներին սպառնացող թիվ մեկ մարտահրավերը համարում եմ արտաքին վտանգները, սակայն դա չի նշանակում, որ ներքին խնդիրները աչքաթող են արվելու։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ իմ պատկերացմամբ՝ Արցախյան հասարակության արժեհամակարգում առավել հաստատուն տեղ ունի մարդու իրավունքների իրավունքի հիմքերի հիմքը՝ հարգանքը մարդու արժանապատվության նկատմամբ, և այս առումով մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները այդքան սուր չեն, որքան այլ պետություններում։ Այդ խնդիրների վերհանման և լուծման նպատակով ես և ՄԻՊ աշխատակազմը աշխատելու ենք քաղաքացիական հասարակություն ինստիտուտների հետ, քաղաքացիների հետ, ինչպես նաև Արցախի պետական իշխանության ինստիտուտների հետ՝ այն համոզմամբ, որ ցանկացած խնդրի լուծման բանալին փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտն է՝ արժեք, որը կբնորոշեի, որպես Արցախյան պետականության մեծագույն ձեռքբերում։