«Ապագայում հանդես ենք գալու մեծ հայտարարությամբ». վարչապետ (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն Ազգային ժողովում հիշատակեց Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած վերջին պաշտոնանկությունները և վարչապետից հետաքրքրվեց. «Արդյո՞ք գրավոր կամ բանավոր հանձնարարականներ եղել են՝ իր ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում ուսումնասիրություն կատարելու և նմանատիպ ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել ռազմական ոլորտ չհանդիսացող, բայց ռազմաճակատի համար կարևորագույն նշանակություն ունեցող այլ ինստիտուտներում»։ Վարչապետը նշեց. «Ուզում եմ հայտարարել, որ այս քառօրյա պատերազմը շատ-շատ հարցեր, մտահոգություններ, անհարկի քաղաքական գործիչներ ի հայտ բերեց մեր հանրությանը։ Եվ ես կարծում եմ, որ մենք քննարկելու և քննադատելու, մտահոգվելու շատ խնդիրներ ունենք, ոչ միայն կառավարությունը, ինչու ոչ՝ նաև Ազգային ժողովը։ Միշտ կառավարությունը նայում է դեպի ապագա, դեպի առաջ` չփորձելով մոռանալ անցյալը, դասեր քաղելով անցյալից։ Մենք ապագայում հանդես ենք գալու մեծ, համապարփակ հայտարարությամբ և այն բոլոր փոփոխությունները, որ պետք է իրականացնեինք, վերանայվելու է»։ «Ե՞րբ կարող ենք սպասել այդ փաթեթը և արդյո՞ք պետք է բյուջեում փոփոխություն անենք»,-հարցրեց պարոն Պողոսյանը։ Վարչապետը հստակ ժամկետ չնշեց. «Երբ կունենանք փաթեթն, այդ ժամանակ կքննարկենք։ Ես պարզապես խորհուրդ կտայի մեր գործիչներին այս իրավիճակը չօգտագործել և չզբաղվել պոպուլիզմով։ Հավաքվենք, քննարկենք, բան չի մնացել Խորհրդարանական ընտրություններին։ Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա. կիսվելու, անկեղծանալու»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։