«Ռուսական շուկայում հայկական արտադրանքի ընդլայնման պոտենցիալ կա»
Երկրի առողջապահության, ծառայությունների, ՏՏ և այլ ոլորտներում հաջողություն գրանցած տասը կազմակերպություն այսօր արժանացավ մրցանակի։ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը։ Կառույցի տնօրեն Ենոք Ազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Դիմում են կազմակերպությունները և դրանից հետո կատարվում է գնահատում՝ ըստ բալերի։ Ներկայացվում է համապատասխան հանձնաժողովին, որից հետո՝ կառավարությանը։ Կարևոր կողմն այն է, որպեսզի հետագայում այս կազմակերպությունները, որոնք կառավարության որոշմամբ ստացել են մրցանակ, իրավունք են ձեռք բերում մասնակցել նաև ԱՊՀ երկրների մրցանակաբաշխությանը։ Սա լրացուցիչ խթան է՝ հետագայում ընդլայնելու շուկան, նաև՝ կազմակերպությունները Եվրասիական միության տարածքում ճանաչելի դարձնելու համար»։
Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը կոչ արեց հայ արտադրողներին. «Լինեն մրցունակ միջազգային ասպարեզում, ոչ միայն սահմանափակվեն տարածաշրջանային ձեռքբերումներով։ Այսօր մրցանակ ստացող 10 կազմակերպությունները հենց նրանք են, որոնք մրցունակ են ոչ միայն տարածաշրջանում, այլև գրեթե միջազգային չափանիշներին համապատասխան են»։
Միջոցառմանը Ռուսաստանից հրավիրված «Ռոսստանդարտ»-ի ղեկավար Ալեքսեյ Աբրամովն իր հերթին կարևորեց այն հանգամանքը, որ ապրանքները և ծառայությունները կարող են ազատորեն փոխանակվել բոլոր այն երկրների միջև, որոնք Եվրասիական տնտեսական միության կազմում են։ Իսկ մրցանակաբաշխության վերաբերյալ նշեց. «Կարծում եմ՝ սա շատ լավ պրակտիկա է, որը թույլ է տալիս աջակցել բարեխիղճ արտադրողներին և զարգացնել մրցակցությունը»։
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հայկական արտադրանքի մասին, քանի որ այն վաղուց արտահանվում է Ռուսաստան, պարոն Աբրամովը նշեց. «Կարող եմ ասել, որ Մոսկվայում բավականին շատ են խանութները, որտեղից կարելի է հայկական արտադրանք ձեռք բերել։ Կարծում եմ, որ ռուսական շուկայում հայկական արտադրանքի ընդլայնման պոտենցիալ կա, ինչը պետք է անպայման օգտագործել»։
